Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրանք անտառապետին` ապօրինի ծառահատողների դեմ ոչինչ չձեռնարկելու համար

Պաշտոնական
antar1

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են  «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել անտառապետին: Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ  պարզվել է, որ քաղաքացի Ս.Կռոյանը 2015 թվականի դեկտեմբերի 1-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության անտառապետի ժամանակավոր պաշտոնակատար և ի պաշտոնե պարտավոր եղել անմիջականորեն իրականացնել անտառպետության ղեկավարումը, ի թիվս այլ գործառույթների՝ հսկել տարածքում իրականացվող աշխատանքները, կանխարգելել, հայտնաբերել և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ անտառային օրենսդրության խախտումները։ Մինչդեռ, նախաքննության տվյալներով, նույն թվականի դեկտեմբերի կեսերին անտառպետության 7-րդ պահաբաժնի «Ռուդնիկ» կոչվող տեղամասում  անտառապետը նկատել է, որ Լերմոնտովո գյուղի 3 բնակիչներ բենզասղոցներով և կացիններով ապօրինի հատել են տարբեր տրամագծերով ուռի, բոխի,  թխկի, հաճար, կեչի, ՀՀ «Բույսերի Կարմիր գրքում» գրանցված արոսենի հայաստանյան տեսակի ծառեր և ճյուղեր,  մասնատել են դրանք և պատրաստել՝ անտառից դուրս բերելու համար, սակայն ոչինչ չի ձեռնարկել՝ արձանագրված անտառախախտումներին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։  Քննության տվյալներով՝ անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով  պետությանը պատճառվել է էական գույքային վնաս: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ անտառապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին