Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Հացպանյան. «Կաթողիկոսը պիտի ասի՝ Արամ, հրաժարվիր» (տեսանյութ)

Քաղաքականություն
polis

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Հայաստան են ժամանել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, Հայաստան է ժամանել նաեւ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։  Հոգեւոր հայրերի Հայաստան հրավիրելու առիթը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի եւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջեւ ծագած ճգնաժամը հարթելն է։ «Կաթողիկոսը պիտի ասի՝ Արամ, հրաժարվիր, Արամը կանի, թե ոչ դա այլ հարց է; Կաթողիկոսը չի կարող զենք հանել եւ ստիպել հրաժարվել։ Եթե չհրաժարվի, ապա այլեւս որեւէ եկեղեցում պատարագ չի կարող անել։ Համայնքն արդեն որոշել է։ Ժողովուրդը ժողովներ է անում, եւ որոշել է, որ Արամին չեն թողնելու որեւէ եկեղեցում պատարագ անել։ Սա կլինի ճգնաժամի շարունակում»։ Սարգիս Հացպանյանի խոսքերով, ակնկալվում է, որ Կաթողիկոսը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին պատրիարքական փոխանորդի պաշտոնից հրաժարվելուց զատ, այդ պաշտոնն առաջարկելու է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին։  Ըստ էության՝  պատրիարքական փոխանորդի առաքելությունը լինելու է մայիսի 28-ին կայանալիք պատրիարքական ընտրությունների կազմակերպումը։ Հացպանյանի խոսքերով, պատրիարքի հավանական թեկնածումները կարող են լինել երեքը՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ «Պոլսո հայկական համայնքը երկփեղկված է, սակայն պետք է մի բան նկատի ունենալ, Թուրքիայի իշխանությունները ամբողջ տարիների ընթացքում մեղք չգործեցին համայնքի այս իրավիճակի համար։ Սակայն Արամ Աթեշյանը պարբերաբար շահարկում էր այն հանգամանքը, որ պատրիարքի ընտրությունները պետք է համաձայնեցվի թուրքերի հետ,  սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Թուրքերն իրենք են փաստում, որ խնդիրը հայերի մեջ է»,-ասաց Ս. Հացպանյանը։