Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցուցակները մոլորեցնում են ընտրողին» (տեսանյութ)

Քաղաքականություն
media-2

«Հայաստանում իշխանության մեջ սերնդափոխություն կլինի միայն այն դեպքում, երբ իշխանությունը որոշի փոխել երկրի ղեկավարման տրամաբանությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը: Նրա խոսքով՝  եթե ամեն ինչ նույնն է մնում, ապա նոր մարդկանց բերելու իմաստ չկա: Անդրադառնալով կուսակցությունների և դաշինքների ցուցակներին, վերլուծաբանն անհանգստություն հայտնեց: Ըստ նրա՝ ընտրողին մոլորության մեջ են գցում. «ՀՀԿ-ի ցուցակի առաջին 10-20 հոգին նորմալ մարդիկ են, չէ՞, ներկայանալի, բայց ընտրական օրենսգիրքն ասում է, որ 160-րդ տեղում գտնվող Առաքել Մովսիսյանն ավելի մեծ շանսեր ունի հայտնվել խորհրդարանում, քան 20-րդ տեղում գտնվող անձը: Զգացեք, թե ինչ խաբեություն է: Կամ ՀԱԿ-ի ցուցակը: Ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի գնալու ԱԺ,  մանդատ չի վերցնելու»: Քննարկմանը ներկա՝ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն էլ նշեց, թե իշխանության խոստացած փոփոխություններն ընդամենը հասարակությանը ապակողմնորոշելու համար էր. «Գործող անձանց մեծամասնությունը պարզապես տեղյակ չէր, թե խաղավարը ինչ մտադրություն ունի: Իշխող կուսակցության անդամները շվարած մոտենում էին ընդդիմադիրներին և հարցնում՝ ի՞նչ եք կարծում՝ Սերժի մտքին ի՞նչ կա: Սրանից ելնելով էլ՝ նախնական փուլում մեծ խառնաշփոթ եղավ»,-նշեց նա: Քաղաքական մեկնաբան  Հակոբ Բադալյանն էլ հավելեց, թե իշխանության մեջ սերնդափոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ սերունդների կռիվ չկա կուսակցությունների ներսում. «Եթե գալիս է նոր սերունդ, գալիս է հայրերին պաշտպանելու, նրա գիծը շարունակելու»: Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ այս ընտրություններում մեծացնելու են ուժային կառույցների դերը. «Օրինակ՝ ոստիկանության: Նրանց ուղղորդելու են այնտեղ, որտեղից վտանգ են տեսնում: Մենք դա արդեն իսկ զգում ենք: Օրինակ՝ Օսկանյանի որդուն հանկարծ, միամիտ կալանավորում են՝ ինչ է, թե մեկին փակել է մեքենայում և սպառնացել, թե ականջները կկտրի: Պատկերացնու՞մ եք՝ նման սպառնալիք հնչեցնող բոլորին կալանավորեին ՀՀ-ում»: