Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավապահները կրկին «Հաց բերող»-ի տան մոտ են հայտնվել

Քաղաքականություն
Artur-Sargsyan

           «Հաց բերող» Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը, «Ա1+»-ին հայտնում է, որ ոստիկանները հետապնդում են իրեն ու մորը։   «Ես երեկ Երևանում եմ եղել, այդ ընթացքում ոստիկանության Արտաշատի բաժանմունքի աշխատակիցները գյուղ են եկել, 35 488 պետհամարանիշով մեքենայով կայանել են մեր տան առաջ, երկար սպասել, հետո շրջել են գյուղում, հարևանների տներ են մտել, հարձուփորձ արել»,- պատմում է Արսեն Սարգսյանը։  Նա համոզված է, որ այդպիսով իրավապահները փորձում են իրենց վրա ճնշում գործադրել։ Արսենի պատմելով՝ ինքն այդ ավտոմեքենան հիշում է նաև Արթուր Սարգսյանի կալանավորման օրվանից։ «Հաց բերող»-ի եղբայրը հիշեցնում է՝ Արթուրի ձերբակալման օրը ոստիկաններն սպառնացել են իր հետ վարվել նույն կերպ, ինչ եղբոր՝ ձերբակալել։  Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին «Հաց բերող» Արթուր Սարգսյանի կալանավորումից հետո նրա մայրը՝ Դոնարա Պետրոսյանն ու Արսեն Սարգսյանը հեռացել էին Բյուրավան գյուղից, որտեղ իրենք ապրում են։ Եվ հինգ օր թաքնվելուց հետո միայն վերադարձել էին գյուղ։  Արսեն Սարգսյանի ասելով՝ այս պահին իրենց տան շրջակայքում հանգիստ է, բայց իրավապահների վերադառնալու մտավախություն ևս առկա է։  Այսօր էլ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդաներ, համակիրներ երթ են անցկացրել՝ ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի։ Ազատության հրապարակից նրանք Դատապարտյալների հիվանդանոց են շարժվել՝ կոչ անելով իշխանություններին ազատել «Հաց բերող» մականունն ստացած Արթուր Սարգսյանին։  Նրանց հիմնավորումներից մեկն այն  է, որ Արթուր Սարգսյանը բեխտերևի հիվանդություն ունի, որն անհամատեղելի է կալանքի կրման հետ։ Բացի այդ՝ նրանք ապաքրեական արարք են համարում Էրեբունու ՊՊԾ գնդի տարածք «Սասնա ծռեր»-ին սնդամթերք տանելը։