Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունները շարունակվում են

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9DFAD45B-DB29-4631-89FC-C2E97B607062_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ջոսեֆ Դանֆորդը հանդիպել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարիին Հարավային Թուրքիայի Ինջերլիք ամերիկյան ռազմակայանում: Աղբյուրների համաձայն քննարկվել են Սիրիայի քրդական ուժերի և ԴԱԵՇ-ի դեմ պայքարի հետ կապված հարցեր: Անկարան մեղադրում է Սիրիայի քրդական զինված ուժերին Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապերի մեջ, որին, թե՛ Անկարան և թե՛ Վաշինգտոնը ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն: Փորձագետները կարծում են, որ թուրքական կողմը հանդես կգա կոշտ դիրքորոշմամբ բանակցությունների ընթացքում՝ ընդգծելով քրդական հարցի կարևորությունը Թուրքիայի և նախագահ Էրդողանի համար: Վաշինգտոնը ռազմական կապեր է պահպանում Սիրիայի կոալիցիոն ուժերի հետ, որի կազմում են ինչպես արաբական, այնպես էլ քրդական զինված կազմավորումներ: Կոալիցիոն այս ուժերն ամենարդյունավետն են պայքարում ԴԱԵՇ-ի դեմ: Ամերիկյան և եվրոպական հատուկ զորքերի և օդային ուժերի օգնությամբ կոալիցիոն այս զորքերը կարողացել են մոտենալ ԴԱԵՇ-ի ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքքային: Բրիտանական գեներալ Ռուպերտ Ջոնսը վերջերս ընդգծել էր քրդական զինված կազմավորումների կարևորությունը Ռաքքան գրավելու հարցում՝ ընդգծելով արդյունավետ համագործակցությունը քրդական և արաբական զինված կազմավորումների միջև: Փորձագետների կարծիքով նման հայտարարությունները զայրացնում են Անկարային, որը պնդում է՝ Սիրիայի քրդական ուժերին Ռաքքայի գրավման գործողությունից դուրս բերելու անհրաժեշտության մասին: Սակայն նշվում է նաև, որ առայսօր Անկարան չի ներկայացրել որևէ տրամաբանական այլընտրանք Սիրիայում քրդական ուժերին փոխարինելու հարցում: Անկարան հայտարարել է, որ Վաշինգտոնին է տրամադրել Ռաքքան վերագրավելու մանրամասն ծրագիր, սակայն աղբյուրները նշում են, որ այդ ծրագրում առկա են որոշակի հարցադրումներ: Թուրքական զորքերի և դաշնակից Սիրիական ազատ բանակի ուժերի կարողությունները Ռաքքան գրավելու հարցում ևս հարցականի տակ են: Անկարան բազմիցս հայտարարել է ԴԱԵՇ-ի դեմ սիրիական Ալ-Բաբ բնակավայրի համար մղվող մարտերում հաղթանակ տոնելու մասին, սակայն բնակավայրը դեռևս շարունակում է մնալ ԴԱԵՇ-ի զինյալների վերահսկողության ներքո: