Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհված ու ժամկետային զինծառայողների ընտանիքները ևս կվճարեն 1000 դրամները

Քաղաքականություն
237924a-620x330

Ներկայացնում ենք ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.am կայքի նոր հրապարակումը: 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանի խորհրդարանը՝ երրորդ ընթերցմամբ ընդունեց հայտնի «1000 դրամների» մասին օրենքի նախագիծը: Օրինագծի պարտադիր բաղադրիչը դժգոհությունների մեծ աղմուկ բարձրացրեց, որը ստիպեց պաշտպանության նախարար Վիգեն Սարսգսյանին խոսել որոշակի փոփոխությունների մասին: Որպես փոփոխություն Սարգսյանը մատնանշեց հստակեցված կատեգորիաներ, որոնք կարող են չվճարել պարտադիր վճարը, «հատկապես ժամկետային ծառայող ունեցող և զոհված զինծառայող ունեցող ընտանիքները, բայց դա օրինակներից մեկն է», – ասաց նախարարը: Սարգսյանի խոսքը սակայն աղավաղում է իրականությունը: Մասնավորապես՝ ոչ մի ժամկետային կամ մահացած զինծառայող ունեցող ընտանիք չի կարող հրաժարվել և չվճարել այս 1000-ական դրամները: Փոխարենը ստեղծվել է մի ընթացակարգ, որի համաձայն վերը նշված անձինք մեկ տարի պարտադիր վճարից հետո կարող են հաջորդ տարվա առաջին 2 ամիսների ընթացքում դիմում ներկայացնել Հիմնադրամ՝ նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց վճարած գումարները վերադարձնելու պահանջով: https://www.youtube.com/watch?v=0QQeKblRNT0   Ավելին, դիմումին կից քաղաքացին պարտավոր է ներկայացնել տեղեկանքներ զինկոմիսարիատից և հարկային մարմնից, ինչպես նաև բանկային հաշիվ, որի վրա պետք է փոխանցվի տվյալ գումարը: Արդյունքում, օրինակ Մեղրի համայնքի բնակիչը, ով ունի զինծառայող իր մեկ տարվա արդեն վճարած 12.000 դրամը վերադարձնելու համար ստիպված կլինի բանկային հաշիվ բացել, հավաքել տեղեկանքներ, Երևան գալու համար հատել 360 կմ ճանապարհ և դիմում ներկայացնել Հիմնադրամ, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում հաշվեհամարին կփոխանցի գումարը: Համեմատության համար նշենք, որ Մեղրի-Երևան-Մեղրի ուղևորափոխադրման արժեքը կազմում է 10.000 դրամ, իսկ բանկային հաշիվ բացելը միջինում 3000 դրամ: Դրան գումարած տեղեկանքներ և բյուրոկրատիա, որը պետք է անցնեն ժամկետային կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամները, որպեսզի ետ ստանան արդեն վճարված 12 հազար դրամը: Գումարը վճարելու և ապա բարդ բյուրոկրատիկ ճանապարհով այն ետ ստանալու մեխանիզմը որևէ կերպ նույնական չէ գումարը չվճարելու Վիգեն Սարգսյանի հայտարարության հետ: