Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Օհանյանը հերքեց, որ իր ղեկավարության տարիներին բանակը քվեարկել է ըստ հրահանգի (տեսանյութ)

Քաղաքականություն
seyran2

Սեյրան Օհանյանն այսօր ստիպված էր պատասխանել տարիների ընթացքում անպատասխան մնացած շատ հարցերի: Օրինակ, աղքատությունից խոսող պաշտպանության նախկին նախարարն ի՞նչ միջոցներով է առանձնատուն ձեռք բերել Վահագնի թաղամասում. «Վահագնի թաղամասում իրոք Վահագն Հովնանյանի կողմից տարիներ առաջ 2008-ին նվիրել է մեկ հողակտոր, որն այլեւս իմը չէ: -Դուք վարձո՞վ եք բնակվում: -Այսօր ես Վահագնի թաղամասում բնակվում եմ վարձով»,-պատասխանեց Սեյրան Օհանյանը: Հաջորդը Ղարաբաղի պաշտպանության նախարար եղած ժամանակ ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին ծեծով եւ այլ միջոցներով նվաստացնելու մասին հարցն էր: Նախկին նախարարը սա հերքում է կիսով չափ. «Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված ես ուզում եմ ասել, որ Իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է, բաժակի մեջ թքելու ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել»: Որոշ հարցերի պարոն Օհանյանը հրաժարվեց պատասխանել չնայած այն բանին, որ հնչեցին մի քանի անգամ: Նա ասում է, որ Հայաստանում այսուհետեւ չպետք է լինեն քաղբանտարկյալներ, բայց արդյո՞ք նրանք կան. -Քաղբանտարկյալներ հասկացության համար գնահատական տալու համար պետք է համապատասխան իրավական մարմինները տան եւ այսօրվա գործող իշխանությունը: -Ու՞մ նկատի ունեիք, երբ ասում էիք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: -Ես իմ ասածը ասեցի: Մարտի 1-ին բանակի ներգրավածությունը պարոն Օհանյանը հերքում է ամբողջությամբ: Սակայն չի ժխտում, որ բանակը եղել է քաղաքում եւ զբաղվել պետական օբյեկտների պահպանությամբ. «Եթե մենք հետեւենք քրեական գործընթացի ողջ ընթացքին եւ փաստահավաք խմբի ամբողջ ընթացքին, կտեսնենք, որ այնտեղ զինված խմբի ներգրավվածությունը, կոնկրետ հենց մարտի 1-ի դեպքերով, բացակայում է»,- նկատել տվեց պարոն Սեյրանյանը: Նախկին նախարարը հերքում է նաեւ, որ գոնե իր ղեկավարման տարիներին բանակը համապետական ընտրությունների ժամանակ քվեարկել է ըստ հրահանգի. «Բանակում այսօր ստեղծված են համապատասխան պայմաններ մարտական պատրաստությունից դուրս ետճաշյա ժամերին, որպեսզի նրանք հետեւեն լրատվամիջոցների գործունեությանը, հետեւեն նախընտրական արշավին եւ համապատասխան հետեւություններ անեն, թե ում են ընտրելու»: Ինքը չգիտի՝ այսօրվա սպաները կուղղորդե՞ն զինվորներին Ազգային Ժողովի ընտրությունների օրը: Դա պետք է հարցնել նրանց: Պարոն Օհանյանն այսօր իրեն ընդդիմադիր չի համարում, նոր Սահմանադրյամբ բոլոր քաղաքական ուժերը մասնակից են պետական կառավարմանը. «Իհարկե, այսօրվա իշխանություններին, ինչպես ժողովրդի մեծ մասը, ես նույնպես դեմ եմ»: Չնայած դրան, Սերժ Սարգսյանի դեմ անձնապես ինքը ոչինչ չունի, բայց միայն այդքանը: Պարոն Օհանյանը չի ուզում Հանրապետականի հետ ընդհանուր ոչինչ ունենալ, ինքն ուզում է իշխանություն փոխել. «Հանրապետական կուսակցության հետ համագործակցությունը անիմաստ կլինի, որովհետեւ կբերի նույն համակարգի մնալը այսօրվա մեր իշխանության ղեկին»: Ի դեպ, նախկին նախարարն այդպես էլ չպատասխանեց 5 անգամ հնչած այն հարցին, թե իր նախարար եղած ժամանակ պետական ի՞նչ հանցագործություններ են եղել իշխանության մեջ, որոնք այդպես էլ չեն արձանագրվել: