Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողի մահվան նախնական վարկածը հայտնի է. քննչական

Պաշտոնական
qnnchakan

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Գարեգին Արգամանյանի մահվան դեպքի առթիվ։ 2017թ. փետրվարի 17-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում՝ մարտկոցների լիցքավորման պահեստում, հայտնաբերվել է կապի վաշտի ռադիոդասակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Արայի Արգամանյանի դին: Նախնական տվյալներով՝ վերջինս մահացել է բենզոագրեգատի արտանետած շմոլ գազից: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ/, կատարվում է նախաքննություն: Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին