Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյան 26-ում պլան Բ ունեն. քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Քաղաքականություն
badalyan

Ընտրական ցուցակները ներկայացնելով՝ քաղաքական ուժերը հասարակությանը հստակ մեսիջներ են  հաղորդում: Կարծում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Օրինակ՝ ՀՀԿ-ն-իր ցուցակի առաջին հորիզոնականը տալով Վիգեն Սարգսյանին, ըստ փորձագետի, հատուկ նպատակ ուներ: «Այս ցուցակի միջոցով խնդիր էր դրված վարչապետի քաղաքական կշիռը թուլացնել և Վիգեն Սարգսյանի դիրքերը ուժեղացնել: Քանի որ Վիգեն Սարգսյանը հենց նախագահի թիմակիցն է ու վստահված անձը: ՀՀԿ-ն անգամ 10-յակում վարչապետի թիմից ոչ մեկին չի ներգրավել»: Գագիկ Ծառուկյանը լայն դաշինքով չվերադարձավ, ինչպես որ սպասվում էր, ըստ փորձագետի արհեստական դաշինք է ստեղծվել, քանի որ նրա կազմում հենց ԲՀԿ-ական, ԲՀԿ-ամետ մարդիկ են. «Հիմա դաշինքով փաստորեն պետք է 7 տոկոս հավաքեն, 5-ի փոխարեն, անիմաստ բարդացրեցին իրենց գործը, հանուն ոչ մի բանի, քանի որ իրենց հետ դաշինք կազմած կուսակցությունները չեն կարող բերել այդ 2 տոկոսը»: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը անհասկանալի է Արմեն Բադալյանի համար: Տեխնոլոգիական առումով՝ փորձագետը այն չհաջողված է համարում: Անհասկանալի է նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքը. «Ո՞րն է նպատակը այդ դաշինքը ձևավորելու եւ կորցնելու 2 տոկոս: ՀԱԿ-ը նախկին ՀԱԿ-ը չէ, այլեւ 2008-ի ռեյտինգը չունի:  ՀԺԿ առաջնորդը ընդդիմության մեջ կոճակ սեղմող է եղել այս տարիներին ու չի կարող բերել այդ երկու տոկոսը: Կարծում եմ անիմաստ էր»: Մյուս կուսակցություններն ու դաշինքները, ըստ նրա, ոչ մի առանձնահատկություն չունեն. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կանցնեն խորհրդարան, իսկ մնացած ուժերի խորհրդարան անցնելու հավանականությունը 50/50 է։ Հաստատ չի անցի միայն ՀԿԿ-ն, Այնպես որ նույն դեմքերն են լինելու եւ որեւէ որակական փոփոխություն ԱԺ –ում չի լինելու»,- նշեց Արմեն Բադալյանը: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը մեծ անակնկալ չհամարեց ՀՀԿ ցուցակը Վիգեն Սարգսյանի գլխավորելը: Նա նշեց, որ երկրորդ համարում Տարոն Մարգարյանի հայտնվելն էլ պայմանավորված էր երկու խնդրով. մի կողմից ՀՀԿ-ի ավանդական ուղղությունն է ցույց տալիս, իսկ մյուս կողմից մայիսի 14-ին լինելու են Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ի թեկնածուն Տարոն Մարգարյանն է լինելու: Ըստ քաղտեխնոլոգի ՀՀԿ –ն 54 տոկոսը ունենալու համար պետք է կոալիցիա կազմի ՀՅԴ-ի հետ. «Իսկ եթե ՀՅԴ-ն չանցնի, ապա Բաղրամյան 26-ում պլան Բ ունեն՝ Ծառուկյան»: