Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՂ հանրաքվեի արդյունքները չեն կարող կանխորոշիչ լինել». Մինսկի խմբի հայտարարությունը

Քաղաքականություն
osce

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) երեկ հանդիպել են  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանին և  Էլմար Մամեդյարովին, նախ առանձին, ապա երկուսի հետ միաժամանակ: Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը: Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծում տիրող իրավիճակը: Նրանք ևս մեկ անգամ հաստատել են, որ առկա հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և որ պատերազմը լուծման ելք չէ: Միաժամանակ, միջնորդները կողմերին կոչ են արել զսպվածություն դրսևորել ու երկու երկրների բնակչությանը նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության: Համանախագահները կոչ են արել հավատարիմ մնալ 1994-95թթ. կնքված հրադադարին, որը ռազմական գործողությունները դադարեցնելու հիմքն է: Նրանք կողմերին հիշեցրել են 2011-ի մայիսին Դովիլում իրենց երկրների նախագահների համատեղ հայտարարությունը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն կբերի ավելի շատ տառապանք, հուսալքություն և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Հանդիպման ընթացքում համանախագահներն իրենց տեսակետներն են ներկայացրել այն քայլերի վերաբերյալ, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն 2016թ. Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, ինչը նպատակ ունի կայունացնել իրավիճակը շփման գծում։ Զրույցի ժամանակ համանախագահներն ընդգծել են նաեւ, որ անհրաժեշտ է մեծ ճկունություն ցուցաբերել եւ վերսկսել համապարփակ բանակցությունները՝ հակամարտության երկարատեւ շուտափույթ  լուծման համար: Միևնույն ժամանակ, համանախագահները նշել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու որոշումը մարդասիրական քայլ էր: Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը  խստորեն հետեւելու իրենց ստանձնած միջազգային հումանիտար պարտավորություններին, այդ թվում Աստրախանի հռչակագրի դրույթներին, որը ստորագրվել է  Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից 2010թ-ի հոկտեմբերին: Անդրադառնալով  Լեռնային Ղարաբաղում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, որը նախատեսված է 2017թ-ի փետրվարի 20-ին՝ համանախագահները նշել են, որ իրենք տեղյակ են հանրաքվեի մասին: Թեեւ որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները սահմանադրական հանրաքվեն դիտարկում են որպես հանրային կյանքի կազմակերպման ձեւ, համանախագահները նշում են, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն: Ըստ համանախագահների՝  հանրաքվեի արդյունքները չեն կարող կանխորոշիչ լինել ԼՂ վերջնական կարգավիճակի, ինչպես նաև բանակցային գործընթացի ելքի համար: Համանախագահների հաջորդ այցը տարածաշրջան կկայանա մարտին: