Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում հայտարարված է կրթության որակի շաբաթ

Հասարակություն
sh

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարում է կրթության որակի շաբաթ: Արդեն 3-րդ անգամ կազմակերպվող որակի շաբաթվա նպատակն է թե կրթության ոլորտի ներկայացուցիչների, թե ղեկավար օղակների և թե հասարակության ուշադրությունը հրավիրել կրթության որակի ապահովման վրա՝ քննարկելու առկա խնդիրները, կիսվելու լավագույն փորձով և ձևավորելու ապագայի ընդհանուր տեսլական: Առաջիկա որակի շաբաթվա ընթացքում տեղի կունենան աշխատաժողովներ նվիրված ուսանողների, երիտասարդ դասախոսների, մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համապատասխանության խնդիրներին, իսկ շաբաթը կամփոփվի  երկօրյա համաժողովով, որի թեման կլինի գնահատման համակարգերի բարելավումը: Որակի շաբաթը կմեկնարկի փետրվարի 20-ին՝ ուսանողներին նվիրված աշխատաժողովով: Միջոցառմանը կմասնակցեն ուսանողներ, դասախոսներ, որակի ապահովման պատասխանատուներ, կրթության կառավարիչներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Աշխատաժողովը կդառնա քննարկման հարթակ՝ բարձրաձայնված խնդիրների էությունը հասկանալու և լուծման ընդունելի  և արդյունավետ ուղիներ որոնելու համար: Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն  հետևյալ թեմաները՝ բուհական ռեսուրսների հասանելիությունը բոլոր ուսանողներին՝ անկախ ուսումնական հաստատությունից; աշխատաշուկայի պահանջները և բուհական կրթության համապատասխանությունը դրանց; մագիստրոսական կրթության բացերը. մագիստրոսը որպես հետազոտող մասնագետ և աշխատուժ; բուհական կրթություն. ինչի՞ համար է վճարում ուսանողը: ՈԱԱԿ-ը, կարևորելով  դասախոսների դերը որակի ապահովումը լսարան հասցնելու գործում, փետրվարի 21-ի աշխատաժողովը կնվիրի երիտասարդ դասախոսների խնդիրների քննարկմանը: Աշխատաժողովի ընթացքում, քննարկումների միջոցով լուծման ուղիներ դուրս բերելու նպատակով,  անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝ կրեդիտային համակարգի առանձնահատկությունները և  կրեդիտների բաշխումը; ուսանողներին անհրաժեշտ կարողությունները, ՄԿԾ վերջնարդյունքների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, պրակտիկ և տեսական կրթության համամասնությունը; միջդիսցիպլինար համագործակցության խթանումը տարբեր բուհերի և նույն բուհի տարբեր մասնագիտությունների միջև; գնահատումը և դասավանդումը. չափորոշիչներ և մեթոդաբանություն, գնահատման համակարգի բարելավման ուղիներ; որակյալ կրթություն ապահովելու գործում ռեսուրսների նշանակությունը և առկայությունը, այլընտրանքային լուծումներ; դասախոսական կազմ. մոտիվացիա, նորեկ դասախոսի ներածական փաթեթ, դասախոսը որպես հետազոտող; որակի ապահովումը և դասախոսը, սեփական աշխատանքի շարունակական հետազոտման կարևորությունը: Երիտասարդ դասախոսներին նվիրված միջոցառումը կդառնա նաև շահակիցների երկխոսության ու հաջողված փորձով կիսվելու հարթակ: Միջոցառմանը կմասնակցեն երիտասարդ դասախոսներ, կրթության որակի պատասխանատուներ, կրթության կառավարիչներ, ուսանողներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Որակի շաբաթվա երրորդ օրը նվիրված կլինի մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային  շրջանակի (ՈԱՇ) համապատասխանությանը: ՈԱԱԿ-ը ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի հետ համագործակցությամբ փետրվարի 22-ին կկազմակերպի աշխատաժողով, որտեղ կներկայացվեն ALIGN ծրագրի ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները: Աշխատաժողովի ընթացքում ուսանողների, դասախոսների և կրթության կառավարիչների տեսանկյունից կքննարկվի կրթական ծրագրերի բարեփոխման անհրաժեշտությունը: Կշեշտադրվի հատկապես գնահատման բարելավումն որպես դասավանդման արդյունավետության գործիք: Միջոցառման մասնակիցներին կներկայացվեն նաև Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում ծրագրի շահակից բուհերում իրականացված մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատման արդյունքները, ՈԱՇ-ի և վերջնարդյունքների համապատասխանեցման լավագույն փորձը,  գործընթացից քաղված դասերը: Աշխատաժողովի ավարտին տեղացի ու միջազգային փորձագետները, ուսանողները և ՈԱԱԿ ներկայացուցիչները առաջարկ կներկայացնեն կառավարությանը ազգային մակարդակում մասնագիտության կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների մասին: Որակի շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգերի բարելավում» թեմայով  երկօրյա համաժողովով, որը  տեղի կունենա փետրվարի 23-24-ին: Ընթացիկ տարում մեկնարկելու է կլաստերային աուդիտը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գործընթացը միտված է լինելու  մասնագիտության կրթական ծրագրերի բարեփոխումներին,  գնահատման համակարգի բարելավմանը և ոլորտի  ընդհանուր պատկերի հստակեցմանը:  ՈԱԱԿ-ը  կարևորում է  շահակիցների երկխոսությունը և  փորձի փոխանակումը, գիտակցում   գնահատման դերն որակի ապահովման գործընթացներում: Հաշվի առնելով նաև հանգամանքը, որ շահակիցների հետ քննարկումներում հատկապես շեշտվում է գնահատման համակարգի արդյունավետությունը և բարելավումը,  ՈԱԱԿ-ը որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը նվիրում է գնահատմանը: Միջոցառման ընթացքում  անդրադարձ կկատարվի կրթության որակի ապահովման առկա խնդիրներին և ապագա մարտահրավերներին, կներկայացվի կլաստերային աուդիտի գործընթացը, նպատակները, չափանիշները, ոլորտները:  Կլաստերային աուդիտի չափանիշները քննարկվեն նաև երկու աշխատաժողովների ընթացքում՝ փորձագետների և դասախոսների, դեկանների, ամբիոնների վարիչների մասնակցությամբ: Աշխատաժողովներով անդրադարձ կկատարվի նաև  «Կրթական ծրագրերի վերանայում՝ գնահատման համակարգի բարելավման համատեքստում», «Դասավանդման բարելավում՝ գնահատման համակարգերի վերանայման միջոցով», «Ուսանողի առաջընթացի պլանավորում. գնահատման դերը» թեմաներին: Տեղի կունենա շահակիցների քննարկում  «Ինչպիսի գնահատում է ակնկալում ուսանողն ուսումնական հաստատությունից» թեմայով: Համաժողովի ընթացքում ոլորտի հեղինակավոր մասնագետները Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և  Ռուսաստանից կներկայացնեն կրթության որակի ապահովման իրենց երկրի լավագույն փորձը: Կներկայացվեն նաև Որակի ապահովման մասնագետների և աջակիցների ցանցի հիմնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կազդարարվի ցանցի  գործունեության մեկնարկը: Համաժողովի ընթացքում կլինեն նաև ստենդային ներկայացումներ նվիրված  կրթության ոլորտում նորարարությանը, դասավանդման և գնահատման նոր մեթոդների ներդրմանը: