Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժան Տեր-Մերկերյանը կարողանում էր հնչեցնել գործիքն իր հոգու մեջ (տեսանյութ)

Մշակույթ
merkeryan

«Աշխարհում կան շատ հրաշալի ջութակահարներ, սակայն քիչ են այն երաժիշտները, որ կարողանում են հնչեցնել գործիքը իրենց հոգու մեջ և նույնանալ նրա հետ:  այդ ցեղից էր: Հնչյունի կատարյալ վարպետ, նրբաճաշակ, ազնվացեղ, զգացմունքային արտիստ»,- գրում էին նրա մասին արտասահմանյան թերթերը։ Փետրվարի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ և ջութակահարներ Բագրատ և Աստղիկ  Վարդանյանների, Արտաշես Մկրտչյանի, Դիանա Ադամյանի մասնակցությամբ և նվագախմբի գեղարվեստական ղեկավար  և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ կկայանա համերգ՝ նվիրված Ժան Տեր-Մերկերյանի հիշատակին: Բագրատ և Աստղիկ Վարդանյանները  Ժան Տեր-Մերկերյանին համարում են հոգևոր ուսուցիչ, կուռք։ «Եթե բնությունից ես սովորում, ուրեմն բնության զավակն ես, եթե բնության զավակից ես սովորում, ուրեմն բնության թոռն ես,- հիշում է Աստղիկը։- Նա բնության զավակ էր»: Նրան անվանում էին «փոքրիկ հրաշք»: Ժան Տեր-Մերկերյանը 11 տարեկանում ավարտեց Մարսելի կոնսերվատորիան և տվեց իր առաջին մենահամերգը: 1948-ին ընտանիքի հետ ներգաղթեց Հայաստան: Ուսումը շարունակեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հետո ավարտեց  Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Դավիդ Օյստրախի ղեկավարությամբ: Նրան առաջարկում են մնալ Մոսկվայում, սակայն որոշում է վերադառնալ հայրենիք,  որտեղ սակայն սահամանափակվում է մենակատարի նրա աստվածատուր կարիերան, և ջութակահարը 1981-ին հեռացավ հայրենիքից ու հաստատվեց ծննդավայրում, որտեղ նրան սպասվում էին ելույթներ աշխարհահռչակ նվագախմբերի հետ: ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Մարսելի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ժան Տեր-Մերկերյանը կյանքից հեռացավ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին և վերջին հանգրվանը գտավ Երևանի քաղաքային պանթեոնում։