Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիշեք՝ ինչ է ասել Սերժ Սարգսյանն «Ալ Ջազիրային»

Քաղաքականություն
hak

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախընտրական դաշինքները համարեց սալաթ, որոնք չունեն գաղափարական հենք ու միակ նպատակը ԱԺ մտնելն է. «Եթե դրանք բնական հասկացության շուրջ չեն ստեղծվել, մտնելով ԱԺ` նրանք չեն կարող հետագայում ապահովել նորմալ գործունեություն։ ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինքը բնական է, որը դիմացել է ժամանակի փորձություններին: Մեր հավակնությունը այն չէ, որ մի կերպ շեմը հաղթահարենք ու մտնենք ԱԺ, պատգամավոր աշխատենք, այլ ձեւավորենք այնպիսի ուժ, որ կկարողանա ազդել երկրի կուրսի վրա» ։ ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանը անդրադարձավ այն լուրերին, որ Ստեփան Դեմիրճյանը բանակցում էր այլ ուժերի հետ, նշեց, որ դա թիրախավորված ապատեղեկատվություն էր. «Չի եղել բանակցություն, այլ եղել են հանդիպումներ, այն էլ ոչ Ստեփան Դեմիրճյանի մասնակցությամբ։ Նա այն քաղաքական գործիչն է, որ ցանկացած պարագայում էլ կզբաղեցներ այն տեղը, որը հիմա ունի։ Այդ տեղեկատվությունը մի քանի անգամ է հերքվել»: «Մեր հարաբերությունները բաց ու վստահելի են, աբսուրդ են այն լուրերը, թե թիկունքում այլ բանակցություններ են եղել, չի եղել մի էպիզոդ, որ այդ վստահությունը խախտվի»,-ավելացրեց Լեւոն Զուրաբյանը։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանն այս անգամ կլինի ԱԺ-ում, պարոն Զուրաբյանը նշեց, որ ամեն մի որոշում թելադրված է կոնկրետ քաղաքական իրավիճակից` նկատի ունենալով ազգի շահերը. «Նա մասնակցելու է ընտրարշավին` ընդունելով դա որպես իր կողմից ղեկավարվող գործընթաց։ Մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության` բացառությամբ ՀՀԿ հետ դաշինքի։ Ելքի հետ կապված մեզ դիմել են կոնկրետ մարդիկ այլ քաղաքական ուժերից` առաջարկելով համագործակցություն, մենք մեր համաձայնությունը տվել ենք։ Դա եղել է այն ժամանակ, երբ անգամ Ելք էլ չկար, եղել են բանակցություններ, որոնք չեն շարունակվել։ Ժառանգությունից էլ են եկել այդ առաջարկով»: ՀՀԿ ցուցակի հետ կապված Լեւոն Զուրաբյանը նշեց, որ դա մի հերթական խորամանկություն է. «Կա՞ մի ապացույց, որ ՀՀԿ-ն իր բնույթը փոխել է. էլի նույն մենաշնորհը, նույն օլիգարխները։ Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը չկան ցուցակում, դա ձեւական բնույթ է, անուններով բան չի փոխվում։ Սերժ Սարգսյանը, հիշեք, ինչ է ասել Ալ Ջազիրային` տեսնենք` ինչ է լինելու ԱԺ ընտրություններին, կորոշենք` ինչ է լինելու հետագայում` վարչապետի պաշտոնի առումով»: