Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հեռու պահեք երեխաներին պլանշետներից ու չիպսերից» (տեսանյութ)

Հասարակություն
aaaaa

Մանկական քաղցկեղի ախտորոշման առումով Հայաստանում առաջընթաց է  գրանցվել: Մասնագետները վստահեցնում են, որ այսօր ախտորոշման համար հիվանդները արտասահման չեն մեկնում. «Նախկինում մեր հիվանդները մեկնում էին Գերմանիա կամ Իսրայել՝ ախտորոշում ստանալու: Այսօր մենք այդ խնդիրը չունենք: Նորաբաց լաբորատորիաները թույլն են տալիս հենց մեր երկրում կատարել բոլոր հետազոտությունները: Իսկ հիվանդին երկրից երկիր տանում են բոլորը. Գերմանիայից ԱՄՆ են գնում, ԱՄՆ-ից Իսրայել են գնում, դա բնական է, ծնողները երբեք չեն ցանկանում կորցնել հույսը»,- ասում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Պատկերն այլ է դեղորայքի շուկայում: Մասնագետները չեն հերքում, որ Հայաստանում մի շարք կարեւոր դեղորայք բացակայում է. «Կան դեղեր, որ Հայաստանում չունեն գրանցում, ուզում եմ կոչ անել, որ պատկան մարմինները ավելի արագացնեն դրանց գրանցումը, քանի որ դրանք անհրաժեշտ են»,- ասում է մանկական գլխավոր արյունաբան Անահիտ Զախարյանը: Սակայն դեղորայքի տրամադրման հարցում մի շարք դրական փոփոխություններ են եղել. «Նախկինում պետության հաշվին, մենք կարողանում էինք տրամադրել միայն դեղորայքի 30 տոկոսը, այսօր այդ թիվը հասել է 60-70 տոկոսի»,- ասում է պարոն Դաղբաշյանը: Միջին վիճակագրական տվյալներով՝ տարեկան մոտ 70 երեխա է  պայքարում քաղցկեղի դեմ: 40-50 տոկոսի մոտ ախտորոշված է արյան քաղցկեղ: Նրանց մեծ մասը 2-10 տարեկան են : Այս թիվը մասնագետները մտահոգիչ են համարում, սակայն հավելում են, որ աշխարհի բոլոր երկրներում է ավելացել քաղցկեղով հիվանդների թիվը: Վերջին 20 տարվա ընթացքում արյունաբանական կենտրոնում քաղցկեղն ամբողջությամբ հաղթահարել է մոտ 600 երեխա: Բացի ժառանգականության գործոնից, մասնագետները նշում են նաեւ մի քանի այլ կետեր, որոնք կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ. Ճառագայթները, վիրուսային ծանրաբեռնվածությունը, սնունդը. «Երեխաներ կան, որ երբ արթնանում են, իրեն չիպս են տալիս, երբ խոսում ես ծնողի հետ, ասում է՝ բա լացում էր , ինչ անեմ: Մեծ ազդեցություն են ունենում նաեւ այդ հեռախոսները,պլանշետները, խնդրում եմ, հնարավորինս հեռու պահեք երեխաներին դրանցից»,- ասում է բժշկուհին: