Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղատնտեսական դաշինքը դիմում է կուսակցություններին

Տնտեսություն
htmlimage

Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքը կոչ է անում քաղաքական կուսակցություններին փոքր ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հիմնախնդիրները ներառել իրենց նախընտրական ծրագերում

Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքը հանդիսանում է գյուղատնտեսության զարգացման ոլորտում գործող տեղական և միջազգային 15 կազմակերպությունների կամավոր միություն, որը գործում է շուրջ վեց տարի՝ նպատակ ունենալով նպաստել գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների իրականացմանը:

Դաշինքը վեր է հանել փոքր ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների առջև ծառացած մի շարք խնդիրներ, որոնց լուծումը տեսնում ենք.

- Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացմամբ, որը հանդիսանում է արդյունավետ տնտեսավարման ձև փոքր ֆերմերների ռեսուրսները միավորելու և բիզնես գործունեություն ծավալելու համար: Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար չափազանց կարևոր է ձևավորել բարենպաստ միջավայր կոոպերատիվների ինստիտուցիոնալ և ֆինանսական կայունության համար՝ հաշվի առնելով նաև որոշակի հարկային արտոնությունների տրամադրումը:

- Գյուղատնտեսական ապահովագրության ներդրմամբ, որը հնարավորություն կտա մեղմել գյուղատնտեսական ռիսկերը ոչ բարենպաստ եղանակի (կարկտահարություն, ցրտահարություն, երաշտ և այլն) հետևանքով, ինչպես նաև կնվազեցնի փոքր ֆերմերների սոցիալական և ֆինանսական խոցելիությունը:

- Սննդամթերքի անվտանգության միջազգայնորեն ընդունված ստանդարտների ներդրմամբ, ինչպես նաևսննդամթերքի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացմամբ, որը կնպաստի ինչպես սպառողների իրավունքների պաշտպանությանը, այնպես էլ տեղական ու արտաքին շուկաներում սննդամթերքիմրցունակության բարձրացմանը և առևտրի ծավալների ընդլայնմանը:

- Պետության կողմից մատուցվող գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների և հողօգտագործողներին տրամադրվող աջակցության որակի և արդյունավետության բարձրացմամբ, որի արդյունքում կավելանա գյուղատնտեսության արտադրողականությունը, կբարելավվի որակը և կբարձրանա ոլորտի մրցունակությունը: Այդ ամենին կարելի է հասնել կարիքները ճիշտ գնահատելով, շահառուներին ճիշտ թիրախավորելով, ծառայությունների հասանելիությունը ու արդյունավետությունը բարձրացնելով, ինչպես նաև այդ ոլորտում պետական գնումները թափանցիկ ու արդյունավետ դարձնելով:

- Գյուղատնտեսության ոլորտում գենդերային խտրականության բացառմամբ, որով կապահովվի տղամարդկանց և կանանց հավասար հնարավորություններն ու իրավունքները: Հատկապես կարևորվում է տարբեր ծառայությունների (վարկեր, խորհրդատվություն և այլն) հասանելիության և մատչելիության բարձրացումը կանանց համար:

Գյուղատնտեսական դաշինքը կոչ է անում ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին և գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հավակնություններ ունեցող կուսակցություններին իրենց նախընտրական ծրագրերում մեծ կարևորություն տալ ներկայացված հարցերին:

Հայաստանի Գյուղատնտեսական դաշինք