Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը պլան Բ ունի» (տեսանյութ)

Քաղաքականություն
yntrutyun-nkar

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը որեւէ խնդիր չի տեսնում, որ  Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի ավագանու ընտրությունների գրանցման էլեկտրոնային սարքերի փորձարկման ժամանակ  խնդիրներ են առաջացել: Այս մասին նա ասաց «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների  հանձնարարականների հետ կապված հետագա քայլերը» խորագրով համաժողովի ժամանակ։ «Նպատակն էր փորձարկման ընթացքում վեր հանվեին թերությունները, տեսնեինք սարքը պրակտիկ կիրառության մեջ, որովհետեւ միայն այդ դեպքում կարելի է հասկանալ, թե որքանով է այն ապահովվում  այդ պահանջները: Այդ խնդիրների գույքագրումից հետո նոր աշխատել դրանք վերացնելու համար»,- ասում է ԿԸՀ նախագահը: Սարքը գրեթե առանց խնդիրների ընթերցել է ընտրողների նույնականացման քարտերը, սակայն մեծ դժվարությամբ է կարդացել սովորական անձնագրերը, իսկ կենսաչափական անձնագրերի դեպքում տվյալները մուտքագրվել են միայն ձեռքով. «Մշակվել  է ծրագրային համապատասխան  ապահովում, բավականին մեծ ծավալի աշխատանք, որպեսզի պարզ լինի՝ արդյո՞ք աշխատանքը լիարժեք ծավալով ապահովում է Ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր չափանիշները, դրա համար շատ կարեւոր էր նման թեստի իրականացումը»,- ավելացնում է ԿԸՀ նախագահը։ Տիգրան Մուկուչյանի խոսքերով՝ բավականին ժամանակ  կա թերությունները վերացնելու համար: ԵՄ-ն 7 մլն Եվրո է տրամադրել ընտրությունների անցկացման համար: ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին համոզված է՝ կա բավականին քաղաքական կամք եւ պատրաստվածություն՝ ավելի լավ ընտրությունների կազմակերպման համար, թեեւ կան նաեւ խնդիրներ: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ ամենակարեւոր հարցն այն է, թե արդյոք իշխանությունների հոգեբանությունը փոխվե՞լ է՝ չնայած այն հանգամանքին, որ տեխնիկական բարեփոխումներ են կատարվել. «Ո՞նց մարդիկ գնան թուղթը գցեն եւ նրանք իշխանությունից հեռանան, ես համոզված եմ, որ այդ հոգեբանությունը չի փոխվել: Եթե նրանք ինչ-որ տեղ զիջումների են գնացել, ուրեմն ունեն պլան Բ»: Թե ո՞րն է այդ պլան Բ-ն, ըստ իրավապաշտպանի, կարելի է միայն ենթադրել: Իսկ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դեռ որեւէ կուսակցություն կամ դաշինք չի դիմել  առաջադրվելու համար: Փետրվարի 16-ին լրանում է առաջադրման ժամկետը։