Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

70 գնորդի ու մատակարարի հետ կնքվել է արտահանման 12 պայմանագիր

Տնտեսություն
arm-1

Արտահանման խթանման նպատակով, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ հայկական 5 ընկերություն փետրվարի 14-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «ՏեքստիլԼեգՊրոմ» ցուցահանդեսին: Տեքստիլի և թեթև արդյունաբերության 48-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին հայկական «Լենտեքս», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Մոսինի» և «Հելլո» ընկերությունները ներկայացել են միասնական տաղավարով: Հայկական ընկերությունները ցուցադրում են տրիկոտաժի, գուլպա-զուգագուլպաների, ներքնազգեստի, տղամարդկանց, կանանց, մանուկների տնային և սպորտային հագուստի հավաքածուներ։ Հայկական ընկերությունները միջազգային ցուցահանդեսին մասնակցում են՝ արտահանման պայմանագրեր կնքելու և, ԵԱՏՄ անդամակցության առավելություններն օգտագործելով, շահավետ պայմաններով ռուսական շուկա դուրս գալու նպատակով։ 2016-ի փետրվարին և սեպտեմբերին կայացած ցուցահանդեսներին հայկական մասնակից ընկերությունները հանդիպել են ավելի քան 70 գնորդի ու մատակարարի հետ, արդյունքում կնքվել է արտահանման 12 պայմանագիր՝ մոտ 740 մլն դրամ արժողությամբ։ «ԵԱՏՄ անդամակցությունն ավելի լավ պայմաններ է ապահովում հայ արտադրողների համար՝ անդամ երկրների շուկաներ մրցունակ պայմաններով ու գներով ապրանքների արտահանման համար, ինչից օգտվելով, մեր ընկերությունները կարող են շահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել խոշոր գնորդների հետ: Եվ վերջին շրջանի փորձը ցույց է տալիս, որ միջազգային ցուցահանդեսների մասնակցությամբ մեր ընկերություններն առարկայական հաջողություններ են գրանցում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը: «ՏեքստիլԼեգՊրոմը» տեքստիլ և թեթև արդյունաբերության սարքավորումների ու արտադրանքի Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն է, որն ավելի քան 60 000 քմ տարածք է զբաղեցնում: Տարեկան երկու անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 2500 ընկերություններ աշխարհի 42 երկրներից և ավելի քան 30 000 այցելուներ` մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, ներմուծողներ։ Վիճակագրություն ԱՎԾ 2016 թ. հունվար-դեկտեմբերի տվյալով, ՌԴ-ն Հայաստանի տնտեսական գլխավոր առևտրային գործընկերն է՝ 1 միլիարդ 367 միլիոն դոլար առևտրաշրջանառության ծավալով, աճը 2015-ի համեմատ 15.1 տոկոս է: Հայաստանից ՌԴ արտահանման ծավալը 371 միլիոն դոլար է, աճը՝ 51.5 տոկոս: Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն