Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը կատակ են արել. մամուլի խոսնակ (տեսանյութ)

Քաղաքականություն
OEK

««Հայկական վերածնունդ»  կուսակցության 2-րդ համագումարի ժամանակ Արթուր Բաղդասարյանի և Հեղինե Բիշարյանի ելույթներում հնչած սպառնալից արտահայտություններն ընդամենը կատակ են եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության մամուլի խոսակ Էդգար Առաքելյանը. «Այն մարդիկ, որոնք հումորով են, գնահատում են այդ հումորը: Եթե տեսաք՝ դահլիճում մեր կուսակիցները բուռն ծափահարություններով ընդունեցին պարոն Բաղդասարյանի խոսքերը, քանի որ ճանաչում են նրան: Նա մշտապես ջերմ, մտերմիկ հարաբերություններ է ունեցել իր կուսակիցների հետ, այնպես որ՝ դա ուղիղ իմաստով չէր ասված, այլ աշխատանքի իմաստով և հումորով»,-նշեց Առաքելյանը: Ասուլիսին ներկա՝ «Հայկական վերածնունդ»  կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանն էլ այսպես մեկնաբանեց Հեղինե Բիշարյանի խոսքերը. «Այդ մարդիկ, ովքեր տիկին Բիշարյանի խոսքերը ուղիղ են հասկանում, դա այդ մարդկանց դժբախտությունն է: Դպրոցում, երբ ուսուցչուհին ասում է՝  կաշիդ կքերթեմ, եթե դասերդ չսովորես կամ մայրը երեխային երբ ասում է՝ աչքերդ կհանեմ, եթե լավ չպահես քեզ, դա ասվում է  փոխաբերական իմաստով, պետք չէ դրանից ողբերգություն սարքել»: Բանախոսները նշեցին, որ իրենք առաջադրվելու են այս ընտրություններում և անպայման լինելու են խորհրդարանում: Հարցին, թե հնարավո՞ր է «Հայկական վերածնունդը»  կոալիցիա կազմի ընտրություններից հետո, Արթուր Միսակյանը պատասխանեց. «Մենք կոալիցիա կկազմենք միայն այն ուժի հետ և այն դեպքում, երբ կոալիցիայի կողմերը կունենան քաղաքական որոշումեր կայացնելու վրա իրական ազդեցություն, կոալիցիան հո ինքնանպատակ չէ՞: Մենք երկու անգամ եղել ենք կոալիցիայում: Առաջին անգամ իսկապես եղել է կոալիցիա, իսկ երկրորդի ժամանակ ՀՀԿ-ն եղել է բացարձակ մեծամասնություն, և մենք դուրս ենք եկել հենց այդ պատճառով»,-ասաց նա: Ի դեպ, երիտասարդները նշեցին, թե յուրաքանչյուր ամիս 10 հազար մարդ է անդամագրվում «Հայկական վերածննդին»: Հիշեցնենք, որ ՀՎԿ 2-րդ համագումարի ընթացքում Արթուր Բաղդասարյանը, դիմելով իր կուսակիցներին, ասել էր՝ «կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք», իսկ Հեղինե Բիշարյանն իր ելույթում նշել էր, թե սեփական մատներով կհանի նրանց աչքերը, որոնք կփորձեն իրենց գարշահոտությամբ վարկաբեկել ՀՎԿ-ն»: