Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղատնտեսության ոլորտում այս տարի շուրջ 120 մլն դոլարի ներդրում կկատարվի

Տնտեսություն
gyux

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել` քննարկելու ընթացիկ տարում գյուղոլորտում ներդրումային  ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմեն Հարությունյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: «Ամփոփելով կատարված աշխատանքները` կարող ենք արձանագրել, որ 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում ընդհանուր առմամբ իրականացվելու է շուրջ 120 մլն դոլարին համարժեք դրամի ծրագրեր, ներառյալ այն 60 մլն դոլարը, որի վերաբերյալ օրերս հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: Ներդրումները կուղղվեն պահածոների գործարանի, սպանդանոցների կառուցմանը, ջերմատնային տնտեսությունների ընդլայնմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կոնյակի արտադրության վերազինմանը և այլ ոլորտների:  Սրան կավելանան նաև  մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց շուրջ  այս պահին ինտենսիվ աշխատանքներ ենք տանում»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը հանձնարարել է պատասխանատուներին  վերահսկողություն սահմանել իրենց համակարգման ներքո գտնվող ծրագրերի իրականացման նկատմամբ, ընթացքում առաջացող խնդիրներին լուծումներ տալ, կատարված ծրագրերի շուրջ իրազեկում ապահովել՝   խրախուսելու հավելյալ ներդրումների ներհոսքը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցեր ևս, պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին