Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեփամածիկը թափվել է երեխայի վրա. ակցիա կառավարության առջև (տեսանյութ)

Հասարակություն
akcia-nkar

Երևանի Արցախի 4-րդ նրբանցքում գտնվող Հանրակացարանային շենքերը փլուզման վտանգի տակ են։ Քաղաքապետարանից խոստացել են  2018-ի ընթացքում բնակիչներին նոր տներ հատկացնել, սակայն այդքան դիմանալ անհնար է։  «Շենքը փլուզման եզրին է, և մարդիկ վտանգի մեջ են։ Մենք խնդրում ենք պարոն Կարապետյանին, պարոն Մարգարյանին, թող էս հարցին լուծում տան: Մենք հիմա իրենց հրավիրում ենք մեր շենք, թող գան տեսնեն, եթե ի վիճակի կլինի՞ շենքը դիմանալ»,- ասում է Կառավարության մոտ եկած բնակիչներից մեկը։ Մեկ այլ բնակիչ էլ իրենց վիճակն է ներկայացնում. «Անձրևը գալիս ա, մենք նստում ենք դուրսը, դուրսը ավելի տաք ա, քան թե մեր տները»։ Շենքերը 4-րդ կարգի վթարայնություն ունեն։ Եվ չնայած բազմաթիվ խնդրանքներին, Կառավարությունն անտեսում է իրենց այնտեղից հանելու հորդորները։ Շենքի վիճակից տուժել է նաև փոքրիկ բնակիչներից մեկը։  «Ես նստած իմ դասերն անում էի, թաց ծեփամածիկը ընկավ պայուսակիս մեջ։ Հաջորդ օրն էլ քնելիս վրես էր թափվել, էս մասս քերծվել էր»։ Բողոքի ձայնն իշխանություններին  լսելի դարձնելու համար Կառավարության շենքի մոտ են եկել Բյուրեղավանի ապակե տարաների գործարանի նախկին աշխատակիցները։ Պահանջում են հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կպարզի իրենց աշխատավարձ չտալու պատճառները։ «Ամեն ինչին կարողանում են գումար ծախսեն, գտնեն՝ բենթլի է, լեքսուս է, կարում են հյուրանոց պահեն, և այլ ծախսեր անեն, բայց մարդկանց աշխատավարձ տալ չեն կարողանում։ Մենք ուզում ենք, որ վարչապետը միջամտի»,- ասում է նախկին աշխատակիցներից մեկը։ Գումարներն ստանալու համար բյուրեղավանցիները դատարան են դիմել։ Դրան զուգահեռ  ղեկավարությունն է սնանկացման հարցը մինչև վերջ տարել՝ խուսափելով աշխատավարձերի վճարման պարտականությունից։ 60 աշխատակից չի ստացել 50 միլիոն դրամ գումար։ Բայց առավել շատ մտահոգիչ է կառավարության բռնած դիրքը։ «Էսքան ժամանակ գնում-գալիս ենք, մեկը մի պատասխան չի տալիս»։ Արդեն երկու շաբաթ է՝ Եվրոպա-Ասիա բիզնես հոլդինգը «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու համար փաստաթղթեր է ներկայացրել։ Սակայն մինչ օրս նաիրիտցիներին այդպես էլ չի ասվում՝ արդյոք այդ ընկերությանը գործարանն աշխատացնելու հնարավորություն կտրվի՞։  «Էսքան ժամանակ է անցել, և մենք չունենք ոչ մի պատասխան, մրցույթի հետ կապված։ Վերջիվերջո՝ այս հոլդինգը միակն էր, որ հայտ էր ներկայացրել, նշանակում է՝ հենց հաղթողն ինքը պետք է լինի, ո՞ւր է պատասխանը, որտեղ և երբ պետք է դա հրապարակեն»,- ասում է Նաիրիտի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը։ Մինչ կպարզվի «Նաիրիտ» քիմիական գործարանի նոր տերը, կամ այն վերջնականապես կփակվի, վաճառվում է նրա գույքը։ Գործընթացը չկանխելու պարագայում «Նաիրիտ»-ի վերագործարկումը հնարավոր է վերջնականապես անհնարին դառնալ։