Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փայլակ Հայրապետյանը կարող է հայտնվել ամբաստանյալի աթոռին (տեսանյութ)

Քաղաքականություն
paylak-hayrapetyan

Սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը կարող է հայտնվել ամբաստանյալի աթոռին: Նա մեղադրվում է հարկերից եւ տուրքերից խուսափելու մեջ: «Իմ ունեցածը վերցրել են, վաճառել են, պետության փողն էլ չեն մուծել: 2,5-3 մլն դոլար փող է անում»,- այսօր «Ա1+»-ին ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը: Նա իր 33 մլն դոլարանոց ունեցվածքը առանց հետագա պարտավորությունների տրամադրել է գործարար Աշոտ Սուքիասյանին՝ Հայաստանում ադամանդագործության բիզնես սկսելու համար: Սակայն բիզնեսը ձախողվել է, իսկ «Ամերիա» բանկում գրավադրված գույքից էլ Փայլակ Հայրապետյանը զրկվել է: «Բանկը գործել է Աշոտ Սուքիասյանի, Կճոյանի, Սարգսյանի թելադրանքով: Իրենց հետ միասին»,- ասում է Փայլակ Հայրապետյանը: Այս փաստով  հարուցված քրեական գործով միակ ամբաստանյալը Աշոտ Սուքիասյանն է: Փայլակ Հայրապետյանը վստահ է՝  դատարանում  պետք է հարցաքննվեն նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը: Օֆշորային սկանալում նրանց անուններն էլ է  շրջանառվում: «Աշոտը կնստի, Սարգսյանը կնստի, Կճոյանը կնստի, դա բավարարություն ինձ չի տալիս, ես դրանից ոչինչ չեմ ստանում:  Ես ուզում եմ արդարություն լինի՝ իմ ունեցածը հետ տան: Իմ շենքերը հետ տան, այսքան տուժել եմ 5 տարի, դրանք վերադարձնեն»,- ասում է սնանկացած գործարարը։ Բայց  82-ամյա  Փայլակ Հայրապետյանին այսօր ամենից շատ հուզում է, թե ինչպես է մարելու հարկային պարտավորությունը. «Ինչո՞վ վճարեմ, ես ոչինչ չունեմ:  Իմ ամբողջ ունեցածը տվել եմ, իմ սեփական տունն էլ եմ  տվել: Ես  տուն էլ չունեմ, ես վարձով եմ ապրում»: Տուրքերից խուսափելու առիթով հարուցված քրեական  գործը դեռ նախաքննության փուլում է։