Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշիկ Ալավերդյան. «Աղասի Աղասյանը իմ տրեխների արժեքը չունի» (տեսանյութ)

Սպորտ
pashik

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին նշեց մարզաձեւի համարյա բոլոր խնդիրները, որոնք ծանրացել են մեր հանրապետությունում: «Հայաստանի առաջնությունը ստիպված անցկացնում ենք կանոնակարգի խախտումով, որովհետեւ չունենք համապատասխան մրցահարթակ: Պետությունը մարզիկներին հատկացնում  է 9800 դրամ օրապահիկ, որը չի բավարարում նրանց սննդով ապահովելուն: Ֆեդերացիան գումարներ չունի, որպեսզի պատանեկան հավաքականի անդամներին խրախուսական թոշակներ վճարի», - նշեց փորձառու մասնագետը: Դրանց գումարվել է նաեւ հավաքականի նախկին անդամ Աղասի Աղասյանի խնդիրը, որը կարծում է, որ իրեն անարդարացիորեն չեն ընդգրկել 2016 թվականի օլիմպիական խաղեր մեկնող հավաքականում: «Անցած տարի, երբ հավաքի ժամանակ հայտնի դարձավ, որ Ռիո է մեկնելու Առաքել Միրզոյանը, Աղասի Աղասյանը սկսեց բացատրություն պահանջել՝  ընգրկելով թիմի մյուս անդամներին: Դրանից առաջին հերթին տուժեցին ծանրորդները, քանի որ նրանց մարզավիճակն ընկավ: Ավելին, դրանից հետո նա հեռախոսով անընդհատ տեղեկություններ էր ուղարկում տղաներին՝ նրանց թիմակիցների մասին: Դրանք հոգեբանորեն ազդում էին մեր ծանրորդների վրա: Բարեբախտաբար, հավաքականն ավելի ուժեղ գտնվեց եւ կարողացավ մեդալներ նվաճել օլիմպիական խաղերում», - այսպես պարզաբանեց Փաշիկ Ալավերդյանը: Աղասի Աղասյանը վերջերս կայացած Հայաստանի առաջնությունից հետո հայտարարել է, որ հեռանում է սպորտից՝ հավելելով. «Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են…»: Փաշիկ Ալավերդյանն այդ կապակցությամբ ասաց, որ ինքը զարմացած է նման վերաբերմունքից, քանի որ 10-12 տարի շարունակ նրա ձեռքից բռնած ման է տվել: «Ժամանակին ես տրեխներ եմ հագել: Նա դրանց արժեքը չունի: Իսկ կոշիկներն ավելի թանկ են, քան՝ տրեխները», - իր նախկին սանին անդրադարձեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: