Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ հաղորդման՝ քննիչն ապացույց է կեղծել

Պաշտոնական
16fd08c1-717f-43da-a5c3-085c1678cef6

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու փաստի առթիվ: Այսպես, 28.12.2016թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով խուլիգանության մեջ մեղադրվող Նաղաշ Ե.-ի հարևանուհի, քրեական գործով վկա Անահիտ Շ.-ն հայտարարել է, որ 21.05.2016թ.-ին իրեն հարցաքննած` Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը արձանագրությունում ներառել է այնպիսի տեղեկություններ, որոնց մասին հարցաքննվողը ոչինչ չի հայտնել: Այսպես, համաձայն Անահիտ Շ.-ի նախաքննական ցուցմունքի` վերջինս տեսել է, թե ինչպես են իրենց տան մոտ ոստիկանության աշխատակիցները Նաղաշ Ե.-ին ձեռնաշղթաներով ուղեկցում դեպի ավտոմեքենա, նաև լսել է, որ  մեղադրյալը  հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին` դանակը ձեռքին սպառնալով ինչպես նրանց, այնպես էլ օգնության հասած բուժաշխատակիցներին, ապա` հարվածել և կոտրել է շտապօգնության ավտոմեքենայի դիմապակին: Հետո` արդեն դատաքննության ժամանակ, Անահիտ Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին,  հավաստիացրել  է, որ ինքը քննիչին նման տեղեկություններ չի հայտնել, սակայն վերջինս դրանք ներառել է հարցաքննության արձանագրությունում, իսկ Անահիտ Շ.-ն, առանց բովանդակությանը ծանոթանալու, ստորագրել է այն: Քննիչի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն