Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե քաղցկեղի ախտորոշումը շուտ կատարվի, հնարավոր կլինի կանխարգելել» (տեսանյութ)

Հասարակություն
qaxckex-2

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանում քաղցկեղային հիվանդությունները համարվում են երկրորդը իրենց տարածվածությամբ: Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ եթե ախտորոշումը շուտ կատարվի, ապա հնարավոր կլինի կանխարգելել հիվանդությունը: «Ցավոք սրտի, 60 տոկոսի դեպքերում ախտորոշվում է  հիվանդությունը 3-րդ և 4-րդ ստադիաներում: Այս փուլերում արդեն իսկ կանխարգելման խոսք լինել չի կարող»,-նշեց նա՝ հավելելով, որ եթե  այլ երկրներում նույն ախտորոշմամբ հիվանդը կարող է ապրել 10 տարի, ապա մեզ մոտ՝ 6-7 տարի: «Վերջին տասը տարիներին Հայաստանում  նորագոյացություններով հիվանդությունների և մահացածության ցուցանիշները բավականին աճել են՝  համապատասխանաբար 1,8 և 1,9 անգամ: Միակ ցուցանիշը, որում մի փոքր առաջընթաց ունենք, կրծքագեղձի քաղցկեղի ապրելիության ցուցանիշն է, որը շատ թեթևակի աճել է»,-ասաց Վարդանյանը: Ըստ ոլորտի պատասխանատուի՝ վերջին տարիներին քաղցկեղը դարձել է ծանր  բեռ ոչ միայն առողջապահության, այլև ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման համար. «Համաշխարհային բանկի վերջին հետազոտության համաձայն՝ եթե Հայաստանում միջին ապրող ընտանիքում որևէ մեկի մոտ ախտորոշվում է ուռուցքային հիվանդություն, ապա այդ ընտանիքը հասնում է աղքատության ամենաբարձր շեմին»,- ասաց տիկին Վարդանյանը՝ հավելելով, որ քաղցկեղի բուժման դեղորայքը շատ թանկ է: Պետպատվերի շրջանակներում սոցիալապես անապահով խավի և հատուկ խմբերում ընդգրկված հիվանդները տարեկան 300 հազար դրամի չափով քիմիոթերապիա կարող են ընդունել, իսկ եթե ընդգրկված չեն որևէ խմբում, ապա՝ 150 հազար դրամի չափով: Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ այսօր Հայաստանում քաղցկեղի  լիարժեք բուժման պայմաններ չկան, բայց առաջիկայում պատրաստվում են գործարկել ուռուցքաբանության գերազանցության կենտրոնը, որը համալրված կլինի գերժամանակակից սարքերով: