Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղցկեղի բուժման հարցում մեր մասնագետները չեն զիջում» (տեսանյութ)

Հասարակություն
9rKVJRSnMRI

«Քաղցկեղի բուժման համար Հայաստանում չկան անհրաժեշտ բոլոր պայմանները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Նրա խոսքով՝ հարցը որակյալ մասնագետներ չունենալը չէ, հակառակը՝ Հայաստանի բժիշկներն իրենց մակարդակով չեն զիջում Գերմանիայի կամ ԱՄՆ-ի բժիշկներին. «Այլ բան է, որ մեր երկիրը չունի այն սարքավորումները, այն հնարավորությունները, որոնք ունեն շատ այլ երկրներ: Եթե մենք ունենայինք ճառագայթի կամ քիմիաթերապիայի լայն հնարավորություններ, դժգոհ հիվանդ չէինք ունենա, բայց  հիվանդանոցների հագեցվածությունը խանգարում է՝ առաջանում են հերթեր, մարդիկ ստիպված սպասում են, քանի որ, ցավոք, այսօր քաղցկեղով հիվանդ մարդիկ շատ են: Ունենք քիմիաթերապիայի շատ լավ բժիշկներ, բայց դեղորայքը շատ թանկ արժե, այդտեղ բժիշկի կամ առողջապահական համակարգի մեղքը ո՞րն է»,-ասաց նա: Տիկին Հակոբյանը ներկայացրեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի՝ 2016 թվականի վիճակագրությունը, համաձայն որի՝ կենտրոնում հետազոտվել է 48 780 մարդ, որից 18 208-ը միայն կրծքագեղձի քաղցկեղի համար: « 819 կնոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Միևնույն ժամանակ, կրծքագեղձի քաղցկեղի համար հետազոտվել է 152 տղամարդ, որոնցից 4-ի մոտ է հայտնաբերվել կրծքագեղձի քաղցկեղ»,-ասաց Խաչանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ ավելացել է վահանաձև գեղձի քաղցկեղի թիվը: «2016 թվականին մեր կենտրոնում անցկացվել է վահանաձև գեղձի 2000 հետազոտություն, որից 105-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Նախորդ տարի այդ թիվը 32 է եղել»: Մասնագետի խոսքով՝ կանայք առավել հակված են այցելել բժիշկի, քան տղամարդիկ: «Մեր կենտրոնի տվյալներով՝ կրծքագեղձի քաղցկեղը համար մեկ հիվանդությունն է,  որից կանայք մահանում են, երկրորդ տեղում արգանդի պարանոցի քաղցկեղն է: Պակաս տեղ չեն  գրավում վահանաձև  գեղձի ու շագանակագեղձի քաղցկեղը»,-եզրափակեց նա: