Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միակ ու փոքր ինտրիգը Սեյրան Օհանյանն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
hranush

«Գալիք ընտրություններում միակ, այն էլ փոքր ինտրիգը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է, մնացածը եղավ այնպես, ինչպես որ սպասելի էր»,- կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Ըստ նրա՝ ընտրություններում մրցակցություն կլինի. «ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն քաղաքական իմաստով էապես չտարբերվող կուսակցություններ են: Այս ամենի մեջ կա երկու այլընտրանքային խումբ. ԵԼՔ դաշինքը, որը համակրանք ունի, վստահություն է ներշնչում, եւ «Համախմբումը»՝ Սեյրան Օհանյանի հետ:  Նրանք կարծում եմ այլընտրանք են այս ռեժիմին»: Հրանուշ Խառատյանը համոզված է՝ Սեյրան Օհանյանը կառավարությունից դուրս հայտնվեց, քանի որ իշխող կուսակցությունը վտանգ էր զգում. «Իմ խորը համոզմունքը նա է, որ նրան աշխատանքից հեռացրեցին, քանի որ ՀՀԿ-ն անվստահություն ուներ, որ որոշակի զարգացումների դեպքում Սեյրան Օհանյանը չէր օգտագործի բանակը, այսինքն՝  ներքաղաքական զարգացումների ժամանակ: Նրանց ավելի նվիրված մարդ էր պետք»: «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման հանրային կապերի հանձնաժողովի համակարգող Կարեն Թումանյանը կարծում է, որ հույսը ոչ թե դաշինքների վրա պետք է դնել, այլ խորքային, համակարգային փոփոխությունների. «Համակարգը այսօր հիվանդ է, նրան պետք է օգնել, պետք է բուժել, քանի որ այն այլեւս նոր մարտահրավերների չի դիմանա»: Բնութագրելով ներկա քաղաքական վիճակը՝ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն ասաց. «Առնետավազք է սկսվել,  էստեղից էնտեղ են գնում: էն լավ, թմբլիկ առնետները գնում են լավ տեղ,  էն մանրները՝ ուրիշ տեղեր»: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք Հովիկ Աբրահամյանին պատկերացնում են ընդդիմադիր դաշտում, Հրանուշ Խառատյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը այն ուժի կողմն է, որ իշխանության է ձգտում, այսօրվա իշխանությունը չի ընդունում նրան, ուրեմն նա պետք է ուրիշ հավանական տեղ  փնտրի ու գտնի»: Կարեն Թումանյանը անդրադառնալով քաղաքական պայքարի ձեւերին՝ մեղադրեց Հրանուշ Խառատյանին, թե նա լինելով մտավորականության ներկայացուցիչ՝ կտրուկ քայլեր չի անում. «Դուք, ինտիլիգենցիայի փայլուն ներկայացուցիչ եք, փայլուն անցյալով, ներկայով ու համոզված եմ՝ ապագայով: Բայց ձեր պայքարի ձեւերը մեթոդիկ են, միայն արձագանքում եք, պետք է առաջնորդեք այս պայքարը»: Մեղադրանքին ի պատասխան ազգագրագետն ասաց. «Երբեք մտավորականությունը չի ստանձնել քաղաքականության ղեկը, նրանք արտահայտվում են,  ցույց են տալիս, բայց ուժ չէ, քաղաքական հայտ չունեն: Ես չեմ կարծում, որ ներքին պատերազմը պետք է խարսխվի մտավորականության վրա»: