Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայֆիլմը չի դառնա Հոլիվուդյան ստուդիա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
dxko

«Հայֆիլմը, ավաղ, չի դառնա Հոլիվուդյան ստուդիա, սակայն այն պետք է դիտարկվի որպես ազգային արժեք: Ի՞նչ է նշանակում սեփականաշնորհել ազգային արժեքը: Պատկերացնո՞ւմ եք Օպերան կամ Մատենադարանը սեփականաշնորհվեն: Բայց, արի ու տես «Հայֆիլմն» այս ճակատագրին արժանացավ` սեփականաշնորհվեց ու թալանվեց, ու մենք էլ համակերպվեցինք դրա հետ»,- ցավով  ասում է երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը, որ մի քանի ամիս առաջ ֆեյսբուքյան տիրույթում ձեռնարկեց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը: «Արվեստը հզոր զենք է: Արվեստի միջոցով երկիր կարելի է կառուցել, կարելի է և քանդել: Էն որ ասում են պայքարենք հեռուստատեսության էժանագին սերիալների, ցածրորակ հաղորդումների դեմ անիմաստ, պարապ խոսքեր են, նույնն է, ինչ պայքարես պոռնոգրաֆիայի դեմ: Սակայն եթե այսօր Հայֆիլմ ունենայինք, կարգին կինո նկարեինք, պրոպագանդեինք ու ցուցադրեինք հեռուստատեսությամբ, այ սա գործնական քայլ կլիներ ու էդ հիմար բաները ցույց չէին տա: Մարդիկ պետք է հասկանան, որ կինոարվեստը միայն հայկո-մկո, բխկո, դխկոն չի…Այնպես չի, որ մի օր քնից արթնացել ու որոշել եմ, որ «Հայֆիլմի» վիճակը վիճակ չի: Նախաձեռնության գաղափարը դեռ ուսանողական տարիներին ունեի, բայց այն ժամանակ ինձ ոչ ոք լուրջ չէր վերաբերվի»: «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության մասնակիցները սկսեցին  շաբաթօրյակից: Հետո ծառատունկ կազմակերպեցին կինոստուդիայի տարածքում: «Ամեն ինչ փողի մեջ չէ»-, ասում է Հայկը: Դրա համար Իսրայելը դարձավ Իսրայել: Կարևորը թիմ ստեղծելն է. ասում է  Հայկն ու թերթում գրառումներով հաստլիկ նոթատետրը, որտեղ գրանցել է այն մարդկանց, որոնք պատրաստ են յուրաքանչյուրն իր հնարավորության սահմանում օգնել: «Կինոյի մարդիկ պետք է համախմբվեն: Օրինակ մանկապատանեկան ֆիլմ նկարող երիտասարդներ կան, թող սենյակներ հատկացնեն նրանց: Կասկադյորներին էլ թող տեղ  հատկացնեն: Այս մարդիկ էլ իրենց հերթին այս տարածքը կբարեկարգեն: Խնդիրը պետք է անընդհատ բարձրաձայնվի, այս ամենից դուրս գալու ծրագիր ու ելք պիտի գտնենք: Միակ պաշտոնյան, որ ինձ լսեց, մշակույթի նախարարն էր: Հրավիրեց: Հանդիպեցի: Զրուցեցինք: Իմ լուծումները, մտքերը առաջարկեցի: Հույս ունեմ, որ մի բան կփոխվի»,- ասում է երիտասարդ ռեժիսորը: «Հայֆիլմը» մեր ազգային արժեքն է, և ուսանողները պետք է կարողանան այնտեղ իրենց ուսուցումը անցնել, ղեկավարն էլ պետք է լինի ազնիվ մարդ ու «Հայֆիլմը» չդարձնի անձնական շահերի գործունեության ոլորտ»: