Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի գյուղմթերքը գրեթե 100%-ով հագեցած է ծանր մետաղներով» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
amulsar2

«Ամուլսարի ոսկու շահագործումն այս պահին անհնարին է»,- «Ա1+» -ի հետ զրույցում ասաց «Civil Voice» ՀԿ փորձագետ, ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեյրան Մինասյանը. «Պաշտոնական բոլոր փաստաթղթերում առկա են թերություններ՝ հանքի շահագործման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասով։ Մենք կատարել ենք ուսումնասիրություններ և պետք է ասենք, որ ջրավազանները, որոնք հանքի շահագործման տարածքում են, վտանգված են։ Վայքի, Սիսիանի գյուղատնտեսական գոտիները նույնպես այդ տարածքում են,  բայց մշակաբույսների, վայրի բուսականության վրա քիմիական ազդեցությունն ընդհանրապես ուսումնասիրված և ներկայացված չէ»։ Ըստ փորձագետի՝ նշված խնդիրները վերաբերում են ցանկացած հանքարդյունաբերության, սակայն կոնկրետ Ամուլսարի դեպքում վիճակն առավել աղետալի է. «Ամուլսարն ուղղակի առնչություն ունի Ջերմուկի հանքային ջրերի հետ,  իսկ այդ ջրերը գին չունեն։ Հանքարդյունաբերության ազդեցության բացակայությունն ապացուցված չէ գիտականորեն։ Քանի դեռ չկա հիմնավոր, գիտական ապացույց, հանքի շահագործումն անթույլատրելի է։ Նույնը վերաբերում է նաև Սևանի ջրահավաք ավազանին՝ Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներին, թեև եզրակացություն է արվել, որ կապ չկա հանքավայրի և ջրամբարների միջև»,-ասաց նա։ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված՝ «Civil Voice»  ՀԿ-ն այսօր քննարկում էր կազմակերպել՝ հրավիրելով բնապահպան կազմակերպությունների ներկայացուցիչների։ Բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ իրենք շաբաթ օրը հանդիպում են ունեցել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի  հետ, որն ընդունել է նրանց մտահոգությունները։ «Զարմանալիորեն դրական հանդիպում ունեցանք։ Նախարարն ասաց, որ մեր կողքին է լինելու, համամիտ է մեզ հետ»,-ասաց նա։ Տիկին Դանիելյանի խոսքով՝ կառավարությունը զարգացման տարբեր ծրագրեր է մշակում, որոնք մեկը մյուսին հակասում  են։ «Այսօր Հայաստանում 400 հանք է գործում, որից 30-ը մետաղ պարունակող հանքեր են, սա Հայաստանի հիմքը կտրում է՝ և բնության, և տնտեսության։ Կառավարության ընտրած զարգացման ուղիները իրար հետ կռվում են։ Մի կողմից ասում ենք տուրիզմ ենք զարգացնում, մաքուր գյուղատնտեսություն՝ էկոտուրիզմ, և միաժամանակ 21 պոչամբարով երկիրը ծածկում ենք։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր գյուղատնտեսական ապրանքները գրեթե 100 տոկոսով այս կամ այն ծանր մետաղով հագեցած են»։