Ցմահ դատապարտվածը սպասում է Սերժ Սարգսյանի պատասխանին
Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր- Սահակյանը դեռ սպասում է Սերժ Սարգսյանի պատասխանին: Նա խնդրել է օգտվել իր բացառիկ իրավունքից եւ ներում շնորհել իրեն: Մինչ այդ, նա շարունակում է 8 օր առաջ սկսած իր հացադուլը: Նրա առողջական վիճակը հարազատների փոխանցմամբ դեռ նորմալ է: Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ հայտարարելով իր բողոքն է հայտնում վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մեկ տարով հետաձգելու համար, ինչպես նաեւ պահանջում է հանդիպում Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: «Եթե չեկավ, դա շատ վատ կանդրադառնա իրենց եւ ընտրությունների վրա»,- «Ա1+»-ին փոխանցեց Արմեն Տեր-Սահակյանի հարազատներից մեկը: Արմեն Տեր-Սահակյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է վաղաժամկետ ազատ արձակման դիմումը եւս մեկ տարով հետաձգելու որոշումը: Գործով նիստը տեղի կունենա փետրվարի 3-ին: Արմեն Տեր-Սահակյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի եւ մյուսների գործի շրջանակներում: