Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը թույլ կտա շարունակել իմ աշխատանքը» (տեսանյութ)

Քաղաքականություն
vigen-asulis

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով իր աշխատանքի 118 օրը` անդրադարձավ նաեւ քաղաքական հարցերի, մասնավորապես ընտրությունների քարոզարշավին՝ նշելով. «Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ես ՀՀԿ ԳՄ անդամ եմ, մասնակցելու եմ քարոզարշավին այն ծավալով, որքանով ՀՀԿ-ն նպատակահարմար կգտնի: Ամեն ինչ անելու եմ, որ օրենքի մի տառը չխախտվի այդ ընթացքում: Եթե քարոզարշավն ինտենսիվ լինի, ապա կգտնեմ ձեւերը, որ իմ աշխատանքային պարտականություններից դա դուրս լինի»: Ինչ վերաբերում է այն հարցին, որ հնարավոր է հենց նախարարը գլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ իր կուսակցությունից առաջ ընկնելով՝ կհրապարակի ցուցակը: Կգա պահը ու կհրապարակվի: Կարծում եմ՝ այդտեղ մեծ ինտրիգ չկա: Զարմանում եմ, որ իմ գործունեության մեջ տեսել եք կուսակցական քարոզչության գերակշռում. այս ընթացքում ես եղել եմ միայն ՀՀԿ համագումարին ու ԳՄ, խորհրդի երեկոյան նիստերին, մնացած ժամանակը ես եղել եմ միայն ՊՆ-ում: Եթե ես լավ աշխատելով բարձրացրել եմ իմ կուսակցության վարկանիշը, ապա դա կուսակցական քարոզչության կոնտեքստում չէ, այլ իմ աշխատանքի»: Արդյոք Վիգեն Սարգսյանը ցանկություն ունի՞ գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը կամ 2018թ. հետո գլխավորել կառավարությունը՝ վարչապետի պաշտոնում, նա նշեց. «Ես համարում եմ ՊՆ աշխատանքը այս երկրում ամենահետաքրքիրն ու պատասխանատու աշխատանքը: Ես չեմ կարծում, որ պետք է համադրել իմ աշխատանքը: Ես ունեմ մեկ երազանք, որ առաջիկա ընտրություններին ապահովենք այնպիսի արդյունք,, որ առաջիկա տարիներին կարողանամ շարունակել իմ աշխատանքը՝ որպես նախարար: Իհարկե, երկրի վարչապետը շատ ավելի մեծ պատասխանատվություն կրող պաշտոն է, այդ թվում՝ պաշտպանության ոլորտի, սակայն իմ խորը համոզմամբ՝ իմ ղեկավարած այս ոլորտում պետք է պլանավորել երկար տարիների աշխատանք, ու ազնիվ չի լինի, որ կարճ ժամանակ աշխատենք ու հետո այն թողնեմ, գնամ: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը թույլ կտա՝ շարունակելու իմ աշխատանքը: Մնացած հարցերում մամուլը ավելի առաջ է ընկնում, քան իրականում կա: Իսկ իրականում սպեկուլյացիա է վարչապետի հետ կապված հարցը. մենք միասնական թիմով կարողացել ենք կազմակերպել փոխգործակցությունը բոլոր նախարարությունների հետ: Կարծում եմ՝ ունենք շատ հաջողված կառավարություն, ու պատիվ է ինձ համար աշխատել այստեղ»: Նա անդրադարձավ նաեւ զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասնակիցների գրանցմանը. կան բողոքներ, որ չի նշվում նրանց մասնակցությունը: Նախարար Սարգսյանը նշեց, որ հիմա ուսումնասիրում են, թե որտեղ է խնդիրը ծագել. «Բոլորն ուզում են, որ գրքույկում գրվի, որ իրենք մասնակից են եղել, քանի որ դա արտոնություններ է տրամադրում: Մենք պետք է շատ ուշադիր լինենք՝ բացառելով լավության կարգով շռայլորեն բաժանելուց. դա կարող է վատ արդյունքներ ունենալ սոցիալական ծրագրերի առումով»: