Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձնագրայինի պետը բացառում է կրկնակի քվեարկությունը

Հասարակություն
elections21

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզաբանում է ներկայացրել. Լրատվական կայքերից մեկում տարածվել է տեղեկատվություն, թե իբր Մասիսի գյուղերից մարդիկ են տեղափոխում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի անձնագրային բաժին, ենթադրաբար կրկնակի քվեարկության միտումով: Բազմիցս պարզաբանել ենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ: Հաշվի առնելով այն, որ ընտրողների ռեգիստրը ձևավորում է բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա, և այն, որ անձը բնակչության պետական ռեգիստրում կարող է հաշվառվել միայն մեկ հասցեով, ուղղակիորեն բացառվում է, որպեսզի ընտրողի տվյալը առկա լինի մեկ այլ ցուցակում: Ավելին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ընտրողների նախնական և վերջնական ցուցակները փակցվում են ընտրական տեղամասերում: Հանրային վերահսկությունը բարձրացնելու նպատակով դրանք՝ լրացուցիչ ցուցակների հետ միասին ըստ տեղամասերի ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվում են ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում: Ընտրողների ռեգիստրը որոնման հնարավորությամբ հասանելի է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Արդեն մի քանի ընտրական գործընթացի շրջանակում ոստիկանության կողմից առանձին հրապարակվել է այն անձանց ցուցակը, որոնց բոլոր անհատական տվյալները նույնն են (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ), սակայն դրանք տարբեր մարդիկ են: Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է նշել, որ նախնական ցուցակները հրապարակվելուց հետո ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրվելու դիմում ներկայացնելու դեպքում անձի տվյալները հանվում են հիմնական ցուցակից և ներառվում լրացուցիչ ցուցակ: Այդ գործընթացը նույնպես վերահսկելի է, քանի որ բոլոր ցուցակները հնարավոր է կայքից ներբեռնել և ծրագրային եղանակով համեմատել: Կոչ ենք անում ենթադրություններ անելու փոխարեն սպասել ընտրողների նախնական ցուցակների հրապարակմանը: