Անհայտ պայմաններում մահացած զինծառայողի գործը վերաբացվել է (տեսանյութ)
7 տարի առաջ Ղարաբաղի զորամասում անհայտ պայմաններում մահացած զինծառայող Վալերի Մուրադյանի գործը վերաբացվել է։ 18 տարեկանում կյանքից զրկված զինծառայողի մահվան հանգամանքները նորից քննելու անհրաժեշտություն է տեսել նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Լսեց իմ բոլոր քրեական գործից հանված հակասությունները, բացթողումները և ասեց, այո ես լիքը բացթողումներ եմ տեսնում էս գործում քննիչի կողմից»,- ասում է Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։ Գլխավոր դատախազի ու զոհված զինծառայողների ծնողների հանդիպումն անցած տարվա նոյեմբերին է եղել։ Նանա Մուրադյանը պնդել է՝ որդու գործով ոչ արդյունավետ քննություն է անցկացվել, ինչի պատճառով բացահայտում չի լինում։ Անհետացել են ճտքակոշիկները, որով ենթադրաբար ինքնասպանության ժամանակ զինծառայողը կանգնել է աթոռին։ Ժամանակին չեն փորձաքննվել նաև սպանության պահին զինծառայողի հագին եղած հագուստները։ «Հիմա ասում եմ՝ էդ հագուստից մենք կարո՞ղ ենք հետքեր վերցնել, կարո՞ղ ենք վերականգնել, ասում է ոչ։ Ուրեմն առաջին հերթին պետք է սկսեք քննիչից, որ ինքը զինվորական սպանությունը կոծկել է, տարել փակուղի։ Քննիչը ոչնչացրել է գործի կարևոր իրեղեն ապացույցները՝ գործը տանելով փակուղի՝ դեպի կոծկմանը»։ Նանա Մուրադյանը կասկածներ ունի, որ որդու մահը կապված է վառելիքի գողության հետ։ Մահից մեկ օր առաջ Վալերին նրան տեղեկացրել է՝ ինքը վառելիքի գողության է ականատես եղել։ «Իմ տղային խմբակային են սպանել, որ ականատես է եղել վառելիքի գողությանը»։ Գործով զբաղվող փաստաբան Ռոբերտ Ռևազյանը պնդում է՝ որևէ երաշխիք չկա որ այս անգամ գործը կբացահայտվի։ Սպասելիքները հույսերի տեսքով են։ «Ինքը 8 հատորից բաղկացած գործ է, այդ ամենին մենք տեղյակ չենք։ Շատ հարցեր կան, որ պատասխաններ դեռևս չունեն։ Ես ուղղակի հույս ունեմ որ գոնե այս անգամ ծնողները վստահ կլինեն, որ այն, ինչ իրենց մատուցվում է, իրականություն է»,- ասում է փաստաբանը։ «2011 թվին Գևորգ Կոստանյանը գործը կասեցումից հանեց, 2015 թվականին նորից կասեցվեցին։ Ի՞նչ արեցին այդ արանքում, ոչինչ»,- ընդգծում է Նանա Մուրադյանը։ 18-ամյա որդուն կորցրած մորը չի բավարարում միայն գործի վերաբացումը։ Նա պահանջում է, որ պատասխանատվության ենթարկվեն նաեւ այն քննիչները, ովքեր ոչնչացրել են կարեւոր ապացույցները։ https://youtu.be/vBkV6JpkBhY