Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Եղիազարյանը կընտրի Սասուն Միքայելյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
manvel

«Ելք» դաշինքի համաժողովին հրավիրված «Համախմբում» կուսակցության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ համաժողովին եկել է իր մարտական ընկեր, ՔՊԿ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրավերով. «Ես չէի կարող մերժել այդ հրավերը, քանի որ հարգանքով եմ լցված նրա անձի ու նրա ծավալած քաղաքական գործունեության նկատմամբ»: Հարցին՝ տեսնո՞ւմ է նա համագործակցության եզրեր երկու դաշինքների միջեւ, պարոն Եղիազարյանը նշեց, որ երկիրը ստեղծված վիճակից դուրս հանելու համար պետք է մեկը մյուսին հանդուրժեն, լրացնեն. «Հենց դուրս գանք այս վիճակից, էլի կարող ենք իրար դեմ լինել: Համագործակցության առումով ոչինչ չի կարելի բացառել, դա կարող եմ հարյուր տոկոսով երաշխավորել: Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենց ընդդիմադիր համարող ուժերը կանգնեն կողք կողքի»: Ինչ վերաբերում է «Ծառուկյան դաշինք»-ի հետ համագործակցությանը, ապա Մանվել Եղիազարյանը նշեց՝ «Ծառուկյան դաշինք»-ը դեռ ամբողջովին չի բարձրաձայնել, թե ինչ է ուզում անել, այդ պատճառով ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Արդյոք Մանվել Եղիազարյանի համար ավելի նախընտրելի չէ՞ր լինի հանդես գալ քաղաքական այն ուժի թիմում, որտեղ նրա մարտական ընկեր Սասուն Միքայելյանն էր, նա պատասխանեց. «Գիտեք՝ ժամանակին հարցն այդպես դրված չի եղել. ես չգիտեի, որ դեպքերի նման զարգացում կարող էր լինել: Ճաշակի խնդիր է՝ նա այս թիմում է, ես՝ մյուս: Երբեք դա չի խանգարում, որ մենք լինենք մարտական լավ ընկերներ, անգամ չի բացառվում, որ ռեյտինգային ցուցակով, եթե Սասուն Միքայելյանն առաջադրված լինի, ես գնամ ու պաշտպանեմ իմ մարտական ընկերոջը: Կուսակցության շահերը կպաշտպանեմ ամբողջ հանրապետության տարածքով, իսկ ընկերոջս պաշտպանեմ ռեյտինգայինով, ի՞նչ կլինի որ»: