Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«5 տարվա մեջ այդ մի օրն է, որ ընտրողը կարող է վրեժխնդիր լինել» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayko

«Ելք» դաշինքի համաժողովից հետո այսօր դերասան Հայկ Մարությանին, որ ապրիլի 2-ի ընտրություններին հանդես է գալու որպես դիտորդ, ոգեւորել է այն, որ դաշինքի մեջ առկա երեք ուժերը մի կողմ են դրել իրենց ամբիցիաները ու միավորվել են: Արդյոք նա կանդամակցի՞ այն կուսակցությանը, որը կստեղծվի դաշինքի հիմքի վրա հարցին, նա նշեց, որ որեւէ կուսակցության չի անդամակցում ու չի պատրաստվում և ապագայում. «Դա ինձ հնարավորություն է տալիս ավելի անաչառ խոսել, տեսնել ամեն ինչ քաղաքացիների տեսանկյունից: Երբ կզգամ, որ ԱԺ-ում իմ անելիքն ավելի մեծ կլինեն, քան ես ԱԺ-ից դուրս կարող եմ անել, բնականաբար կարող եմ որոշում կայացնել ու մասնակցել ռեյտինգային ցուցակով»: Նա չի կարծում, որ լինելով «Ելք» դաշինքի համակիր, իրեն կարող են խոչընդոտել իր ստեղծագործական գործունեության մեջ. «Եթե չլինեմ հեռուստատեսությունում, կլինեմ թատրոնում, թատրոնում չլինեմ, կլինեմ կինոյում: Իսկ կինոյի պարագայում, կարող ես գնալ արտասահման, այնտեղ նկարահանես ու ՀՀ-ում ցուցադրես»: Հայկ Մարությանը, որպեսզի լավ իրականացնի իր դիտորդական առաքելությունը, պատրաստվում է մասնակցել դասընթացների ու իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ: Նրա խոսքերով՝ իր համար անհասկանալի է հատկապես այն, որ մարդը անգամ եթե կաշառք է վերցնում, քվեախցում վախենում է ազատ ընտրությամբ քվեարկել. «Սակայն բանիմաց մարդ է՝ գիտի, որ իրեն չեն կարող հետեւել, ինչի՞ց է վախենում ու ազատ չէ: Ինձ համար իրոք, անհասկանալի է, ես չեմ կարողանում մտնել այդ մարդու ուղեղի մեջ ու հասկանալ՝ ինչ է կատարվում իր հետ՝ ինչքան է ինքը վախենում կամ ինչքան են իրեն վախեցրել, կյանքն անտանելի դարձրել, որ գնում է այդ քայլին: Այդ մի պահն է, 5 տարվա մեջ էդ մի օրն է, որ ինքը կարող է վրեժխնդիրներ լինել տարիներով իրեն խաբելու համար»: