Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը վարչապետի հետ իր պաշտոնանկության մասին չի խոսել (տեսանյութ)

Քաղաքականություն
mamikon

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը օրերս Լոռու  մարզ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանի հետ իր պաշտոնանկության մասին չի խոսել: «Վարչապետի հետ քննարկել են ավելի կարեւոր հարցեր՝ կապված քաղաքի ապագայի զարգացման, ներդրումային մեծ ծրագրերի հետ»,- այսօր իր պաշտոնավարման 100 օրը ամփոփելիս նշել է քաղաքապետը: «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները  կառավարությանը դիմել են Վանաձորի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու առաջարկով Կուսակցությունների 18 անդամներ  ընտրություններից հետո չեն մասնակցել ավագանու որևէ նիստի՝ տապալելով դրանք: Քաղաքապետը չի հասկանում բոյկոտող անդամների պատճառաբանություն. «Մի կողմից, եթե ասում են Վանաձորի քաղաքապետը պարտավոր է, մյուս կողմից էլ նույն օրենքի հաջորդ կետով էլ ասում են, որ ավագանին է պարտավոր: Միայն պահանջել Վանաձորի քաղաքապետի իրավունքները եւ չսահմանել պարտականություններ մյուս կողմի համար, չեմ կարծում, թե  ճիշտ է»: Մամիկոն Ասլանյանը  միաժամանակ նշում է՝ միակողմանի լուծումներին կողմնակից չէ, բանակցություններ  չի վարում  այն մարդկանց հետ, ովքեր առողջ եւ կառուցողական դաշտում չեն. «Խնդրի  լուծումը տեսնում եմ այսպես:  Միգուցե որեւէ պահի, ինչքան որ առաձգականությունը թույլ կտա, այդ մարդկանց մոտ կարթնանա Վանաձորի նկատմամբ ունեցած սերը եւ իրենք կհայտնվեն նիստերի դահլիճում»: Այսօր քաղաքապետն անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ կանխատեսելով, որ դրանք թեժ կլինեն: «Ինչքանով թույլ կտա քաղաքապետի պաշտոնը, այնքանով ներգրաված կլինեմ  առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման աշխատանքի մեջ»: Հանրապետական քաղաքապետը  միաժամանակ վստահեցրեց, որ կոնկրետ պարտավորություն իր  վրա դրված չէ,-ասաց նա։