Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՀԿ-ն այս պահին չի բանակցում ՀԱԿ-ի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon-maruqyan

«Ելք» դաշինքի անդամ, ԼՀԿ վարչության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր համաժողովից հետո պատասխանելով հարցին՝ արդյոք կա՞ն բանակցություններ, խորհրդակցություն ՀԱԿ-ի հետ եւս համագործակցելու համար, նշեց. «Այս պահին չկա. ապագայում որեւէ բան չի բացառվում»: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության լուծման «Ելք»-ի մոտեցումներին, ապա պարոն Մարուքյանը նշեց, որ հարցի հայանպաստ լուծումը հզոր Հայաստանի ճանապարհն է. «Հույսը դնելով սրա-նրա վրա, խնդիրը չի լուծվելու: Մենք խնդրի լուծումը տեսնում ենք նաեւ լայն կոնտեքստում՝ հակամարտության լուծումը տեսնում ենք տարածաշրջանի ժողովրդավարացմամբ: Տարածաշրջանում կա բանդիտական, դիկտատորական մի երկիր, որի կանոնավոր բանակը Իսլամական պետության ոճով է գործում կամ հարձակվում մեր բանակի վրա, այդտեղ խոսել փոխզիջումների մասին, խոսել ռացիոնալ մոտեցումների մասին, կարծում եմ՝ բավականին ժամանակավրեպ մոտեցում է եւ անլուրջ»: Անդրադառնալով Վանաձորի ՏԻՄ ընտրություններին՝ նա նշեց, որ եթե ավելի միասնական լինեին, ապա կունենային շատ ավելի մեծ թվով ձայներ. «Ես ֆիքսում եմ, որ մեր անմիաբանության արդյունքում մենք ոչ թե հաղթել ենք, այլ ՀՀԿ-ին փոքրամասնություն ենք դարձրել Վանաձորում: Վերջնական հաղթանակի համար, եթե մենք ավելի համախմբված մտնեինք գործընթացի մեջ, ապա միանշանակ հաղթելու էինք: Դա հիմա մեզ համար դաս է եղել, որն այսօր օգտագործում ենք. այդ փոքր մոդելը մենք օգտագործելու ենք ԱԺ ընտրություններին»: Ինչ վերաբերում է ՀՀ Կառավարությանն ուղղված ԼՀԿ նամակին՝ չեղյալ համարել Վանաձորի ընտրություններն ու անցկացնել նոր ընտրություններ, Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս պահին որեւէ պատասխան չունեն. «Վարչապետն էլ, այցելելով Վանաձոր, զրո ուշադրություն է եղել նրա կողմից ու անգամ խուսափել է այդ թեմայով լրագրողների հարցերից: Վարչապետը գալիս է 3-րդ քաղաք, գիտի, որ այն կառավարման ճգնաժամի մեջ է, ու այնտեղ խոսում է զարգացման ծրագրերից, դրանից ավելի աբսուրդ բան չկա: Դրանով ի՞նչ է ուզում ասել, որ ամեն ինչ նորմալ է ու կանեփի յուղի մասի՞ն եք խոսում»: