Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Սարգսյանը կառաջադրվի Սյունիքում (տեսանյութ)

Քաղաքականություն
mv1G_oHlAc4

«Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր համաժողովից հետո անդրադառնալով ընտրություններին ռեյտինգային ցուցակով իր առաջադրմանը, հաստատեց լուրերը, որ առաջադրվելու է Սյունիքում. «Քանի որ Արարատում առաջադրվում է իմ ընկերը՝ Ռազմիկ Թեւանյանը, որը նաեւ Ելք դաշինքից է: Կարծում եմ՝ հնարավորություններ ունեմ Սյունիքում, կարծում եմ՝ դա այն տեղն է, որտեղ ես ասելիք ունեմ, քանի որ շատ լավ գիտեմ այդ գործարանները՝ ես եմ վերագործարկել Ագարակի պղնձի գործարանը, Քաջարանի գործարանում ֆերոմոլիբդենի ստացման վառարանները տեղադրվել են իմ անձնական մասնակցությամբ ու աջակցությամբ: Նաեւ՝ եղբայրս է այդտեղ երկար տարիներ աշխատել, սակայն վերջնական հաշվով որոշողը դաշինքն է: Ես կպնդեմ իր որոշումը, սակայն դաշինքը կոնսենսուսով որոշում կկայացնի»: Ինչ վերաբերում է դաշինքնի վերջնական ցուցակի կազմմանը, ապա Արամ Սարգսյանը նշեց, որ իրենց կուսակցությունը եւս, ինչպես ՔՊԿ-ն, ունեն իրենց համամասնական ցուցակը. «Մենք հենց հիմա էլ կարող ենք այդ ցուցակը տեղադրել՝ որպես շարք այն ունենք արդեն՝ որ համարն է ՔՊԿ-ն, որը ԼՀԿ-ն եւ որը «Հանրապետությունը», ուղղակի տեխնիկական առումով, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց, 47-48 րոպեի խնդիր է այդ ամեն ինչն անելը: Կան որոշակի քաղաքական զարգացումներ, որոնք հնարավորություն են բացում նույն «Ժառանգության» մասով, որի հետ նորից սկսեցինք բանակցությունները Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձից հետո: Այս դեպքում գաղափարական տարաձայնություններ չկան, փաստաթղթի առումով Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ չէ: Արդյունքում «Ելք» դաշինքը կդառնա չորս համազոր կուսակցությունների դաշինք: Ինչ վերաբերում է առաջին համարին, ապա այստեղ եւս բացարձակ որեւէ խնդիր չկա, քանի որ ի սկզբանե ասել եմ, որ մեզնից որեւէ մեկը նախապայման չի դրել, դաշինքն ունենալու է 3 լիդեր, եթե կավելանա, ապա կունենա 4 լիդեր: Երբ հաղթենք, այդ ժամանակ կնստենք, կնայենք՝ ով է վարչապետ, ով ԱԺ նախագահ կամ ՀՀ նախագահ եւ այլն»: