Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Պաշտպանության նախարարին

Պաշտոնական
lxh

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2016թ. արդյունքների ամփոփմանը եւ 2017թ. անելիքներին: Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա խնդիրները՝ 2016 թվականին իրականացված աշխատանքները ընդհանուր առմամբ  գնահատելով  բավարար: Նախագահի բնութագրմամբ՝ 2016 թվականը ռազմաքաղաքական առումով եղել է շատ բարդ եւ մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես Ապրիլյան քառօրյա պատերազմի տարի: «Այս պատերազմը ակնհայտորեն վեր հանեց ինչպես մի շարք հիմնարար զարգացումներ ռազմաքաղաքական եւ բարոյահոգեբանական հարթություններում, այնպես էլ մեր անելիքները եւ անհրաժեշտ  քայլերի իրականացումը նոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար»,- ընդգծել է Բակո Սահակյանը: Նախագահը նշել է, որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին մեր պաշտպանության բանակի բարձր մարտունակությունը, հայրենիքի անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու մեր ժողովրդի,  ողջ հայության վճռականությունը, օրհասական պահերին միավորվելու ունակությունը եւ այն, որ Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ