Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդը մեկնել է դասավանդելու հեռավոր գյուղում

Հասարակություն
unnamed-1-4

Teach for Armenia՝ «Դասավանդիր Հայաստան» ծրագիրն արդեն երեք տարի Հայաստանի ողջ տարածքում խոցելի խմբի երեխաներին հաջող ապագայի դռներն է ցույց տալիս, այն է՝ որակյալ ուսման շնորհիվ հաջողության հասնելու ճանապարհը: Ծրագիրն իրենց ոլորտին գերազանց տիրապետող երիտասարդներին վերապատրաստում է և ուղարկում մարզերի դպրոցներ, որտեղ այս կամ այն առարկայի ուսուցիչների կարիք կա. այս պահի դրությամբ ծրագիրը ներկայացված է ՀՀ 5 մարզի 35 դպրոցներում։ « Դասավանդիր Հայաստան»- ի  42 մասնակիցներն աշխատում են ավելի քան 2500 երեխայի հետ: Մասնակիցներն ընդհանուր առմամբ ստանում են 205 հազ ՀՀ դրամ աշխատավարձ`դպրոցից ու Teach for Armenia- ից ստացված աշխատավարձերը միասին վերցված: 42 մասնակիցներից մեկը Արամ Մկրտիչյանն է, որի հետ զրուցել ենք: Արամն ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը, նաև սովորել է կառավարման ակադեմիայում: Ընկերոջից իմացել է ծրագրի մասին, դիմել է, նախընտրական փուլերն անցնելուց հետո ընտրվել ծրագրի մասնակից: Նախորդ տարվա սեպտեմբերից դասավանդում է Լոռու մարզի Միխայելովկա համայնքի միջնակարգ դպրոցում: Արամի կարծիքով խնդիրները շատ են, բայց դրանք կարելի է լուծել հետևողական աշխատանքի միջոցով: Պարզապես տեսնել և ասել, որ խնդիր կա և այն լուծում է պահանջում և ոչինչ չանել ավելի վատ է քան խնդիրը չնկատելը։ -Ի՞նչ է քեզ տվել ծրագիրը: - Անձամբ ինձ ծրագիրը տվել է փորձառություն, կոփվել է կամքիս ուժը, քանի որ գյուղական պայմաններին հարմարվելը քաղաքի կյանքին սովոր մարդու համար բարդ է, բայց երբ ունես մեծ նպատակ ու գնում ես մեծ գաղափարի հետևից,  մնացած հարցերը մանրուք են թվում, մղվում են տասներորդական պլան: - Ինչպիսի՞ գրաֆիկ ունես, ծանրաբեռնվածությունդ հավասա՞ր է դպրոցում աշխատող մյուս ուսուցիչների գրաֆիկին: - Ծանրաբեռնվածությունն իրականում շատ ավելի մեծ է, քանի որ ես իմ առջև դրել եմ խնդիր դասերն անցկացնել հնարավորին չափ արդյունավետ և հասնել առավելագույն արդյունքի։ Դասարան եմ մտնում մի նպատակով, որ այսօրվա դասը պետք է մի նոր բան տա աշակերտներին: Խնդիրս այն է, որ երեխաները սիրեն սովորել, կապ չունի թե որ առարկան, ցանկանում եմ, որ երեխաները սովորեն սովորել` իրենց ապագան ավելի լավ պատկերացնելու համար: - Իսկ ինչո՞ւ աշխարհագրություն: -Դպրոցում, որտեղ աշխատում եմ, կար աշխարհագրության ուսուցչի հաստիք, ինձ ծրագիրն առաջարկեց դասավանդել աշխարհագրություն, զուգահեռ ուսանել Շիրակի մանկավարժական համալսարանում։ Քանի որ կրթությունս հումանիտար է, որոշեցի համաձայնել`նոր մարտահրավեր, նոր ոլորտում քեզ փորձելու հնարավորություն, այդ շանսը բաց չթողեցի: -Երեխաների ոգևորությունը զգու՞մ ես: -Երջանիկ եմ, քանի որ նրանց ոգևորությունը զգացի շատ կարճ ժամանակ անց, մեծահասակների շփումներում հնարավոր է, որ մեկը մյուսին խաբի, բայց երեխաները  մեր կյանքի այն մաքուր օղակներն են, որոնց համոզելն ու խաբելը գրեթե անհնար է։ Երեխաները զգում են քո պարզությունն ու նվիրվածությունը և սպունգի նման կլանում են այդ ամենը, ապա հետ են տալիս։ Սա այն դեպքն է, երբ իրոք օգտակարը համատեղվում է հաճելիի հետ: -Ծրագրի ավարտից հետո ի՞նչ ես պատրաստվում անել, ցանկանու՞մ ես կրկին դասավանդել: -Մտածում եմ քաղծառայության ոլորտում կրթության հետ կապված ինչ- որ աշխատանք անել, նաև չեմ բացառում դպրոցում մնալու տարբերակը, միտք ունեմ հետագայում ասպիրանտի կոչում ստանալ, դրան շատ ժամանակ է պետք տրամադրել, որը հիմա չունեմ, ասպիրանտուրա ընդունվելն ու չսովորելը կարծում եմ հանցագործություն է: -Ծրագրի պոտենցիալ մասնակիցներին ի՞նչ խորհուրդ կտաս: -Խորհուրդ կտամ մեկ անգամ ևս մտածել քայլ անելուց առաջ, պետք է հասկանան` արդյոք պատրա՞ստ են երկու տարի իրենց սիրտն ու հոգին նվիրել հեռավոր գյուղերի երեխաների կրթությանը։ Խորհուրդ կտամ ծրագրին չդիմել միայն այն պատճառով, որ աշխատանք չկա, այդ դեպքում նրանք պարզապես դատապարտված կլինեն անհաջողության, ցանկանում եմ հանրակրթական ոլորտում առկա խնդիրներից ու բացթողումներից չխորշեն, այլ ընդհակառակը ավելի մեծ եռանդով շարունակեն աշխատել, այդ դեպքում ես վստահ եմ, որ մի քանի տարի անց շատ խնդիրներ լուծված կլինեն: unnamed