Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ն առաջնահերթության կարգով քննելու է Վահան Շիրխանյանի բողոքը

Քաղաքականություն
Shirkhanyan-nkar

Նորք Մարաշի զինված խմբի գործով 2015 թվականի դեկտեմբերից կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նրա պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ մինչ կալանավորումը պարոն Շիրխանյանն իր տարիքի համար նախանձելի առողջություն է ունեցել, սակայն կալանավորման ամիսների ընթացքում ձեռք է բերել հաշմանդամության մի քանի տեսակ: Երեկ գործով դատական նիստը երրորդ անգամ հետաձգվել է, քանի որ Շիրխանյանին դատարան ներկայանալու համար անհրաժեշտ պատգարակը չեն տրամադրել. «Միտումնավոր հրաժարվում են նրան պատգարակ կամ սայլակ տրամադրել, բայց պարոն Շիրխանյանն այլ կերպ պարզապես չի կարող ներկայանալ նիստերին»,-ասաց Ալումյանը: Նրա խոսքով՝ Շիրխանյանին կալանավորելու հրահանգ տված անձանց ձեռնտու չէ, որ նա խոսի. «Ինչպես գիտեք՝ պարոն Շիրխանյանը ցանկանում էր հանդիպել լրագրողների հետ, կարևոր բան ունի նրանց ասելու, բայց այդ հանդիպումը խոչընդոտվեց, հետագայում արգելվեցին նրա հետ բոլոր տիպի տեսակցությունները»,-նշեց պաշտպանը՝ հավելելով, որ Շիրխանյանն իր ասելիքը չի ցանկանում նամակի տեսքով հրապարակել, քանի որ այն կարող է գրաքննվել: Փաստաբանը հավելեց, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մասին տեղյակ են նաև ՄԻՊ-ում: Ավելին, ՄԻՊ-ն իր զեկույցում նշել է, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն Շիրխանյանին նման վիճակի հասցրած անձիք. «Քրեակատարողական հիմնարկում պարոն Շիրխանյանի առողջական վիճակի մասին հատորներ են գրում, եթե դրանք կարդաք, ձեզ կթվա, թե նա կատարյալ առողջ է, անգամ կարող է ֆուտբոլ խաղալ Հայաստանի հավաքականի հետ, բայց իրականությունն այլ  է: ՄԻՊ-ի եզրակացության մեջ գրված է, որ խախտվել է Վահան Շիրխանյանի առողջության իրավունքը»,-ասաց Ալումյանը՝ հավելելով, որ այդ փաստով գանգատ են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «ՄԻԵԴ-ում որոշում կա առաջնահերթության կարգով քննել այդ բողոքը: Ամենայն հավանականությամբ, ՄԻԵԴ-ը այս անգամ էլ մի կլորիկ տուգանք կսահմանի ՀՀ համար»: Նշենք, որ գործով դատական հաջորդ նիստը նշանակված է հունվարի 27-ին: