Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնափոխադրման համար ոչ պիտանի 400 կոնտեյներ կփոխանցվի ՊՆ-ին (տեսանյութ)

Տնտեսություն
pn-2

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն այցելեցին «Ապավեն» բեռնափոխադրումների ընկերություն` ծանոթանալու ընկերության գործունեությանը: Հայաստանում գործելով ավելի քան 20 տարի` ներկայում «Ապավեն»-ը կայացած տրանսպորտային ընկերություն է, որն արտասահմանում ունի գրասենյակների իր ցանցը, լիարժեք տեխնիկական հնարավորություններ, հաճախորդների և գործընկերների մեծ բազա: Հայաստանից արտերկիր և հակառակ ուղղությամբ տարեկան փոխադրում է 10 000 կոնտեյներ: Արթուր Առաքելյանի խոսքով՝ ընկերության ենթակառուցվածքային հնարավորությունները բավական տպավորիչ են: «Ապավեն»-ի տնօրինության հավաստմամբ` իրենց ներկայիս ռեսուրսները կբավարարեն, եթե անգամ աշխատանքների ծավալը քառապատկվի: Նախարարը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում բեռնափոխադրման ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններին ու խնդիրներին։ Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում խոշոր փոխադրողների հետ` հստակեցնելու բեռնափոխադրման գործընթացում առաջացող խնդիրներն ու խոչընդոտները: Լսելով նաև «Ապավեն»-ի տնօրինության առաջադրած հարցերը` նախարարը խոստացավ քննարկել դրանք օտարերկրյա իր գործընկերների հետ և փորձել լուծումներ գտնել: Վահան Մարտիրոսյանը շրջեց նաև մաքսային ծառայության պահեստում, զրուցեց աշխատակիցների հետ: Այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մի կարևոր խնդրի շուրջ: Տևական ժամանակ է, ինչ ընկերության տարածքում առկա են ժամկետանց կոնտեյներներ, որոնք արդի տեխնոլոգիաների պայմաններում այլևս շահագործման ենթակա չեն: Այդ գույքի շուրջ իրավական խնդիր է առաջացել. մոտ 400 կոնտեյներ դատարանով ճանաչվել է տիրազուրկ: «Ապավեն» ընկերությունը նախարարի խնդրանքով բարի կամք դրսևորեց ու համաձայնեց փոխանցել այդ գույքը` երկրի պաշտպանական կարիքների համար օգտագործելու»,- նշեց նախարարի առաջին տեղակալը: Տեղափոխման հետ կապված կազմակերպչական հարցերը լուծելուց և ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնելուց հետո բեռնափոխադրման համար ոչ պիտանի կոնտեյներները կծառայեն ոչ իրենց նշանակությամբ, սակայն անհրաժեշտ նպատակի: Այլ մանրամասներ՝ տեսանյութում... ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն