Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավճիռը գնահատում ենք հաշվեհարդար. ՀԿ-ների հայտարարությունը

Հասարակություն
gevorg-safarya

Շուրջ մեկ տարի տևած դատավարությունից հետո՝  2017թ. հունվարի 16-ին, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ  Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Նա և  այլ ակտիվիստներ 2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել էին և չորս հոգու բերման ենթարկել  2016թ. հունվարի 1-ի գիշերը: Նրանց մեջ էր նաև Գևորգ Սաֆարյանը,  սակայն ի տարբերություն մյուս երեք քաղաքացիների, Գևորգ Սաֆարյանին ձերբակալել էին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Գևորգ Սաֆարյանի գործով դատարանի վճիռը  հերթական անգամ ընդգծեց Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի քաղաքականացված լինելու և խղճի բանտարկյալներ ունենալու փաստը: Հաշվի առնելով այն, որ Գևորգ Սաֆարյանը աչքի էր ընկնում անարդարության դեմ իր պայքարով, մշտապես ակտիվ մասնակցություն էր ունենում տարբեր հավաքների և իշխանությունների հասցեին հնչեցնում էր սուր քննադատություններ, կանխատեսելի էր դատավճռի բովանդակային մասը, որը հրապարակվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից, ով  հայտնի է հանրության շրջանում որպես քաղաքական և քաղաքացիական հայացքներ ունեցող անձանց նկատմամբ առավել խիստ պատիժներ նշանակելով: Տարվա սկզբում կայացված դատավճիռը վկայում է, որ առաջիկա ընտրություններից առաջ իշխանություններն այս կերպ իրենց  դիրքորոշումն են ներկայացնում  քաղաքացիական ակտիվիստների կողմից երկրում իրական ժողովրդավարության հաստատման  փորձերի դեմ: Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները,  Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատավճիռը գնահատում ենք հաշվեհարդար նրա՝ իշխանության հասցեին արված սուր քննադատության համար,Գևորգ Սաֆարյանին  համարում ենք խղճի բանտարկյալ և պահանջում նրան անհապաղ ազատ  արձակել:   Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ