Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռու մարզում պատահարների թիվն աճել է

Քաղաքականություն
ain

Հունվարի 18-ից մեկնարկել է ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունների՝ 2016 թ.-ին կատարած աշխատանքների ամփոփումը: Հերթական ամփոփումը Լոռու մարզում էր: Մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատանքների զեկույցներին ներկա էին ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մյոր Վրեժ Գաբրիելյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, համայնքապետեր և պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով ներկաներին՝ Դ. Կարապետյանը մասնավորապես ասաց. -Լոռու մարզն առաջինն էր, որտեղ բացվեց մեծ կարևորություն ունեցող Ճգնաժամային կառավարման կենտրոնը՝ հագեցած նորագույն սարքավորումներով և համալրված հմուտ աշխատակիցներով: ԱԻՆ ստորաբաժանումների կողմից բնակչությանը մատուցված ծառայություններն այսօր զգալի բարելավվել են: Առաջիկայում ևս կգրանցվեն նվաճումներ, որոնք, անկասկած, մեծ ջանքեր են ենթադրում: Մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կ. Հովհաննիսյանը ներկայացրեց 2016 թ.-ի կատարված աշխատանքները, նախանշեց 2017 թ.-ին սպասվող անելիքները: Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում գրանցված արտակարգ դեպք և պատահարների վիճակագրությունը ՝ Կ. Հովհաննիսյանը նշեց, որ գրանցվել է 842 դեպք, որոնց հետևանքով զոհվել է 41 և մարմնական վնասվածք ստացել 498 մարդ: Նյութական վնասի չափը կազմել է 315.256.576 դրամ: 2015 թ.-ի համեմատությամբ՝ մարզում գրանցված դեպքերի և պատահարների թիվն աճել է 17,3 %-ով, զոհերի թիվը նվազել 16,3 %-ով, վիրավորների թիվը աճել 22,5 % -ով, իսկ պատճառված նյութական վնասի չափը նվազել է 2.185.186 դրամով: Վարչության պետը նշեց, որ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության  համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և իրականացվել են հրամանատարաշտաբային, ցուցադրական, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնց արդյունքում հստակեցվել են համայնքներում առկա խնդիրներն ու բացթողումները: Ակտիվ աշխատանքնր են տարվել քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ. մարզում հաշվառված են թվով 10 ՔՊ ծառայություններ ու 938 ՔՊ կազմավորումներ: Առաջնային ուշադրություն են պահանջում նաև բնակչության պաշտպանության նպատակով ստեղծված բոլոր պաշտպանական կառույցները: Մարզում առկա 33 ապաստարան և 28 հակաճառագայթային թաքստոց բարելավման կարիք ունի: Հաշվետու ժամանակահատվածում մշակվել են բնակչության տարհանման և ՔՊ պլաններ՝ հաշվի առնելով մարզի խնդիրներն ու առավելությունները: Աշխատանքներ են տարվել կապի և ազդարարման ուղղությամբ: Ճշգրտվել են մարզի համակարգի բոլոր մակարդակի մարմինների ղեկավար կազմի ազդարարման և տեղեկատվության փոխանցման սխեմաները, ինչպես նաև՝ մարզում առկա բոլոր ազդարարման սարքավորումների ցանկը: Մարզի 107 համայնքներից տեղային ազդարարում հնարավոր է իրականացնել դեռ 24-ում: Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրվել է Պ-166Մ մակնիշի բնակչության ազդարարման կենտրոնական կառավարման լրակազմ համակարգ, թվային ռադիոկապի վերահաղորդակ և ստացիոնար կայան: Փրկարարական ուժերի պատրաստության և մասնագիտական հմտությունների բարելավման նպատակով յուրաքանչյուր հրշեջ-փրկարարական ջոկատ տարվա ընթացքում չորս անգամ անց է կացրել հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մի շարք աշխատակիցներ վերապատրաստում են անցել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Լոռու որոնողափրկարարական թիմը մասնակցել է նաև ՄԱԿ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչներին համապատասխան  36 ժամյա վարժանքին և ստացել ՔՈՓ միջին (ներքին) թիմի որակավորում: Հայակական Կարմիր խաչի կողմից Լոռու մարզի 9 համայնքներում (1 քաղաքային և 8 գյուղական) ձևավորվել են համայնքային 20 հոգուց բաղկացած անձնակազմով արձագանքման թիմեր, որոնց տրվել է համապատասխան փրկարարական գույք, ինչպես նաև՝ նրանց հետ անցկացվել են համապատասխան պարապմունքներ ու վարժանքներ: 2017 թ.-ին նախատեսվում է Լոռի մարզում կատարելագործել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության գիտելիքներն ու հմտությունները, ակտիվ շարունակել հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման աշխատանքները, կազմակերպել INSARAG-ի Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմի դաշտային որակավորման վարժանք: Ամփոփելով զեկույցը՝ գնդապետ Կ. Հովհաննիսյանը նշեց, որ Լոռի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերն ու Լոռու մարզային փրկարարական վարչությունը 2016 թ.-ին հիմնականում կատարել են իրենց առջև դրված խնդիրները և առաջարկեց կատարված աշխատանքները գնահատել բավարար: Մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքներն ամփոփեց տեսչության տեսչական բաժնի պետ Սեդրակ Չոբանյանը:  Նշված ժամանակահատվածում մարզում գրանցվել է 240 հրդեհ, որոնցից 6՝ խոշոր, 4 առավել խոշոր հրդեհներ են եղել: 2015 թ.-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 3-ով: Տեսչությունը խիստ ստուգումներ է անցկացրել բենզա և գազալցակայաններում՝ խախտում արձանագրելու դեպքում կազմել արձանագրություն և համապատասխան տույժ կիրառել: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային տեխնիկական անվտանգության բաժանմունքի պետ Կ. Բոյաջյանը ներկայացրեց կատարված աշխատանքները: Տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի կողմից իրականացվել է 817 փորձաքննություն: Կ. Բոյաջյանը նշեց, որ կատարված աշխատքների արդյունքում պարզվել են նաև մարզում առկա խնդիրները, որոնցից հիմնականն ու առաջնայինն արտադրական վտանգավոր օբյեկտներն են՝ լեռնահանքային, նավթամթերքների, հեղուկ գազի, բնական գազի, հաստատուն և շարժական լցավորման կայանների, ամբարձիչ սրքավորումների ոլորտները: Այդ ուղղությամբ իրականացվել են նաև քարոզչական աշխատանքներ, որոնց արդյունքում 40 ԱՎՕ անցել են անհրաժեշտ փորձաքննություն: «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի համառոտ հաշվետվությունը ներկայացրեց տնօրեն Կ. Մխիթարյանը: Ըստ զեկույցի՝ մարզի՝ 16 կայաններից կազմված դիտարկումների ցանցը աշխատել է 92 % արդյունավետությամբ: Լայնածավալ աշխատանքներ են տարվել բնակչության սեյսմիկ պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզում տեղակայված ստորոբաժանումների աշխատանքը ներկայացրեց  մարզային համակարգող, Դեբեդի գետավազանի հիդրոլոգիական կայանի պետ Վ. Եգանյանը: Մարզում առկա 13 դիտակայանից 11-ը վերազինվել են նորագույն սարքավորումներով: Մարզային ծառայությունն ամեն օր տեղեկատվություն է ստացել մարզում սպասվող եղանակային պայմանների մասին՝ վտանգավոր երևույթների մասին անմիջապես տեղեկացրել բնակչությանը: Հակակարկտային կայանների մասին զեկույցում նշվեց, որ պաշտպանվող բոլոր տարածքներում կարկտահարություն չի գրանցվել, առաջիկայում նախատեսվում է բարելավվել տարածքների պաշտպանությունը: Լսելով ստորաբաժանումների զեկույցները փոխնախարար Դ. Կարապետյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը հարցեր ուղղեցին ներկայացուցիչներին՝ առանձնացնելով որոշ դիտարկումներ: Փոխնախարար Դ. Կարապետյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ նշելով Դսեղ համայնքի աշխատակիցների նվիրումն ու պատրաստվածությունը: Ռադիոլոկացիոն կայանը, որը որոշում է ամպի որակը, հնարավոր է եղել պահպանել և այն հիմա գործում է անխափան: -Ակնհայտ է, որ Լոռու մարզում պահանջված է ԱԻՆ ստորաբաժանումների աշխատանքը և, կարող ենք ասել, որ մարզում լավ պատկեր ունենք: Առաջիկայում հրշեջ-փրկարարական ջոկատները կհամալրվեն ճապոնական նոր ժամանակակից մեքենաներով և նորագույն սարքավորումներով: Շնորհակակալություն բարեխիղճ ծառայության համար, - եզրափակեց փոխնախարարը: ԱԻ նախարարությանը շնորհակալություն հայտնեց և հաշվետու նիստն ամփոփեց նաև Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը. - Մեր մարզում ամուր հիմքեր ունի փրկարարական ծառայությունը, և համոզված եմ, որ աշխատանքային առողջ մթնոլորտ է տիրում այս հսկայական թիմում: Հպարտ ենք մեր մարզում գործող փրկարարական վարչությունով, վստահ՝ նույնկերպ կլինի և հաջորդ տարիներին: Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ ԱԻՆ աշխատակիցները շնորհակալագրեր և հուշանվերներ ստացան մարզպետի և Վանաձորի, Ալավերդու, Սպիտակի, Տաշիրի քաղաքապետերի կողմից: Լոռու մարզ այցի ավարտին ՀՀ ԱԻ փոխնախարար Դ. Կարապետյանն ու ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը շրջեցին Վանաձոր 1 և 2 հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչպես նաև՝ մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնում, հետևեցին ընթացիկ աշխատանքներին: ԱԻՆ