Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփի երդմնակալությանը կմասնակցի 9ՕՕ հազար մարդ (տեսանյութ)

Քաղաքականություն
trump

Ամերիկայի ձայն Ժամեր են մնացել ԱՄՆ-ի 45-րդ նախագահի երդմնակալության համար: Նախագահի պաշտոնամուտի արարողություն, որն անցկացվում է արդեն 58-րդ անգամ: Իսկ մինչեւ արարողությունը Վաշինգոնն իհարկե զբաղված է հիմնականում անվտանգությունն ապահովելու աշխատանքներով: ԱՄՆ-ի Կապիտոլիումի բլուրն ուրբաթ օրը կդառնա Ամերիկայի քաղաքական ամենամեծ բեմահարթակը: Այս օրերին այստեղ շարունակ անցկացվում են Դոնալդ Թրամփի երդմնակալության ու պաշտոնամուտի արարողության փորձեր: Փորձերին մասնակցում են դերասաններ, երգիչներ, ինչպես նաեւ բանակայիններ, որոնք շքերթով գալու են դեպի Կոնգրեսի շենքը, որի առջեւ է ավանդաբար անցկացվում արարողությունը: Սակայն ամենամեծ հարցն իհարկե անվտանգությունն է: Ամեն ինչ պիտի արվի Ամերիկայի ժողովրդավարության ամենակարեւոր սկզբունքը` իշխանության խաղաղ փոխանցումն ապահովելու համար: Իսկ այդ գործը սկսվում է պաշտոնը հանձնող նախագահի անվտանգությունն ուժեղացնելուց: Ինչպես ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունից Բրայըն Էբերթն է ասում. «Իրավապահ մարմինների ու բանակային ուժերի հետ համագործակցությամբ, այս միջոցառման անվտանգությունն ապահովելը գաղտնի ծառայությունների պատասխանատվությունն է»: Ըստ նախնական հաշվարկների, միջոցառմանը կմասնակցի 9ՕՕ հազար մարդ: Էբերթն ասում է, թե բոլորին պաշտպանելու համար իրենք ունեն բավարար հնարավորություններ: Պաշտոնամուտի հանդիսավոր արարողության օրը երկրի տարբեր հատվածներից այստեղ են բերվելու 5 հազար թվակազմով հատուկ ուժեր: Նրանք հսկելու են նախագահական շքերթի ամբողջ ճանապարհը: Սակայն ժողովրդի անվտանգությունն ապահովելու պարտականությունը դրված է Հայրենիքի անվտանգության նախարարության վրա: Հաշվի է առնված, որ այս տարի երդմնակալության օրը կարող են սկսվել Թրամփի դեմ բողոքի ցույցեր: Հայրենիքի անվտանգության նախարարությունից Քրիս Գելդարդի խոսքերով, իրենք պիտի բոլորին տան այստեղ լինելու հնարավորություն: «Նրանք պիտի ունենան հնարավորություն ասելու այն, ինչ իրենք են ուզում ասել: Իրենց գործողությունները պիտի իրականացնեն խաղաղ ու օրինապահ եղանակով, այնպես, որ օրվա վերջին բոլորը տուն վերադառնան ապահով»: Այսպիսին է Վաշիգնտոնն այսօր`անվտանգության միջոցառումներ, նախագահի երդմնակալության փորձեր ու սպասումներ: