Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միայն ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ն են կողմնորոշվել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
badalyan

ԱԺ ընտրությունների քարոզարշավից ընդամենը 45 օր առաջ  քաղաքական դաշտը դեռ նոր է վերադասավորվում եւ ուղենշում իր նախընտրական թեմաները: Վերլուծաբաններն առանձնացնում են քաղաքական երկու ուժի, որոնք արդեն կողմնորոշվել են:  «Դա ՀՀԿ-ն է, որ առաջնորդվելու է, բնականաբար, վարչապետի գործունեությամբ, որը այսօր չունի այն դրական սպասելիքները, որոնք կային հասարակության կողմից իր նշանակման ժամանակ: 2-րդն էլ ՀԱԿ-ն է, որ առաջ է քաշել «Խաղաղություն հիմա» ղարաբաղյան ծրագիրը, դա էլ լինելու է իր քարոզարշավի հիմքը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Քաղաքական միավորումներն ու դաշինքները, լինելով անձնակենտրոն, չունենալով միասնական գաղափարական հիմք, դե ֆակտո արհեստական են. «Մեկ դաշինքը հասկանալի է՝ «Ելք» դաշինքը՝ երեք կուսակցություն է, որոնցից «Հանրապետություն» կուսակցությունը տարիներ շարունակ կա, սակայն չի գործել, բայց գոնե մյուս երկուսը ինչ-որ գործունեություն են ծավալում: Ինչ վերաբերում է մյուս դաշինքներին՝ Ծառուկյանի դաշինքի մասին են խոսում, սակայն անհասկանալի է՝ ով է լինելու նրա մեջ: 3-րդ դաշինքը՝ «Համախմբում», «3-րդ հանրապետություն» եւ ՀԴԿ, գաղտնիք չէ, որ մարդ-կուսակցություններ են. իրականում այդպիսի կուսակցություն գոյություն չունի եւ փաստացի այդպիսի դաշինք գոյություն չունի»: Վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ը զգալիորեն թուլացրել է իր դիրքերը. «Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառը արտագաղթն է, սուբյեկտիվն այն է, որ նրանք նախորդ տարիների ընթացքում չկարողացան կողմնորոշվել քաղաքական դաշտում: Ինչ վերաբերում է նրանց ապագային, ապա նրանք առաջ են քաշել «Խաղաղություն հիմա» կարգախոսը, որը ավելի շատ ձեռնտու է ՀՀ-ից դուրս իշխանության ձեւավորման կենտրոնին, քան ՀՀ ընտրողներին: Հիմնականում ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցները միգուցե կողմնակից լինեն, որ ՀՀ ԱԺ-ում լինի մի ուժ, որը կողմնակից է ԼՂ հարցի լուծման այս տարբերակին»: Առաջին անգամ քվեարկությունն իրականացվելու է ընտրական նոր կարգով. «Ընտրական բարդ համակարգը ծնելու է մի երեւույթ, որ անվավեր ձայների խիստ մեծ քանակ է լինելու, քանի որ եթե դիտարկում ենք ընտրազանգվածի ընդհանուր իրավագիտակցության մակարդակը, գաղտնիք չէ, որ այն բավականին անկում է ապրել»: Քաղտեխնոլոգի կանխատեսումներով՝ ապրիրի 2-ի ընտրությունը շատ չի տարբերվի նախորդներից. ԱԺ ընտրությունների վրա մեծ ազդեցություն կունենա ընտրակաշառքը,  ինչպես նաեւ Ռուսաստանը։ Արեւմուտքի ազդեցությունը ավելի թույլ կլինի։