Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը քաղաքական որոշում է». բնապահպան (տեսանյութ)

Հասարակություն
amulsar

«Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հիմքում քաղաքական անհիմն որոշում է՝ ճնշման տակ ընդունված», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը: Նրա խոսքով՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վտանգավոր փուլում ենք՝ արդեն սկսվել է ենթակառուցվածքների շինարարությունը.  «Հույս ունեի, որ այսքան բացասական գնահատականներ ստանալուց հետո չեն անցնի շահագործման փուլին: Ցիանային արտադրությունն աշխարհով մեկ համարվում է շատ ռիսկային, բայց նույնիսկ դա չկանգնեցրեց ծրագիրը: Ցիանային գործարանի տարածքը փոխվեց մի քանի անգամ, և վերջնական որոշվեց Գնդեվազի մոտ կառուցել: Մենք գնացել ենք այնտեղ հենց այն ժամանակ, երբ կտրում էին ծաղկած այգիները, շատ ծանր տեսարան էր »,-ասաց բնապահպան կինը՝ հավելելով, որ գործարանին ամենամոտ գտնվող տունը 1 կմ հեռավորության վրա է: Քննարկմանը ներկա՝ բնապահպան Լևոն Գալստյանն էլ հավելեց, թե կառավարությունը մինչ օրս Ամուլսարի հետ կապված սեփական ուսումնասիրությունը չի կատարել. «Վերցրել, կոնսպեկտել են ծրագիրն իրականացնող ընկերության փաստաթուղթը, որը բնագիտական տարրական գիտելիքներ ունեցող մարդն անգամ կարող է գրել:  Մենք ուզում ենք, որ հանքարդյունաբերությունն էնքան մտածված և կշռադատված լինի, որ ոչ մի կասկած չառաջանա  դրա վերաբերյալ»: Ի դեպ, քննարկմանը պետք է մասնակցեր նաև բնապահպանության նախարարության ներկայացուցիչը, սակայն վերջին պահին նա հրաժարվել է, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերությունից և  Ջերմուկի քաղաքապետարանից էլ  հրաժարվել էին մասնակցել ի սկզբանե: