Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաֆարյանի դատավճիռը՝ իշխանական վենդետա (տեսանյութ)

Հասարակություն
media

Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի դատավարությունը ցույց տվեց  Հայաստանի արդարադատության ամբողջ դեմքը։  Փաստաբան Տիգրան Հայրապետյանը պնդում է՝ խախտվել է իր պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքը։ Չհարցաքննվեցին  գործում որպես վկա ներգրավված Սասնա ծռեր խմբի անդամները։  «Դատարանը առանց հիմնավորման բավարարեց դատախազի միջնորդությունը, վկաները չեկան դատարան։ Քննիչն ասել էր, որ չի առարկում այդ անձինք գան և դատարանում ցուցմունք տան, բայց նախագահող դատարանն այլ գրություն էր հրապարակել»,- ասում է փաստաբանը։ Հայաստանյան դատական համակարգում արատավոր պրակտիկա է ոստիկանի ցուցմունքի հիման վրա ազատազրկման դատավճիռ կառուցելը։ Դա տեղի ունեցավ նաև Գևորգ Սաֆարյանի պարագայում։ «Կան ընտրված ոստիկաններ, որոնք կատարում են էդ սև գործը, հանձն են առել տալ ցուցմունք կամայական մարդու դեմ։ Եվ մեր դատարանները դատում են դատավճիռներ, որոնք գալիս են Բաղրամյան փողոցից»,- ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Ոչ թե Գևորգ Սաֆարյանն է դիմադրել որպես իշխանության ներկայացուցիչ հանդես եկած ոստիկաններին, այլ վերջիններս չեն կատարել օրենքով իրենց վերապահված ֆունկցիաները։«Նա պետք է վերցվեր պաշտպանության իրավապահների կողմից, պետք է պաշտպանվեր նրա արտահայտվելու ազատության իրավունքը»,- նշում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անձամբ ճանաչում է Գևորգ Սաֆարյանին, որին  համարում է պետությունը սիրող և դիրքորոշում ունեցող  քաղաքացի։ «Իշխանությունները նրա և  նրա նմանների նկատմամբ կայացնում են ոչ թե դատավճիռներ, այլ վենդետա են իրականացնում»։ Գևորգ Սաֆարյանին երկու տարով ազատազրկելը հարված է խոսքի ազատությանը։  Իրավապաշտպանները  տարօրինակ են համարում ընդդիմադիր ուժերի լռությունը։ Արթուր Սաքունցը նշում է. «Իմ պահանջն է բոլոր այդ քաղաքական ուժերին, կուսակցություններին,պատգամավորներին, որոնք ուզում են հայտ ներկայացնել որպես այս իշխանության քննադատողներ, նախ և առաջ իրենց վերաբերմունքն ու արձագանքը տան և պահանջներ ներկայացվի ազատելու Սաֆարյանին»։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ պետք չէ սպառել ներպետական ատյանները՝ գործը ՄԻԵԴ ուղարկելու համար։ Սաֆարյանի նկատմամբ խախտումներն այնքան շատ են, որ հենց այս պահին է անհրաժեշտ դիմել միջազգային ատյաններին։