Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացառված չէ, որ Թումանյան փողոցի մի հատված հենց վաղը քանդվի. փոխքաղաքապետ (տեսանյութ)

Հասարակություն
areyan

Երեւանի քաղաքապետարանը վերջին երեք տարվա ընթացքում կառուցել է 2005 թեքահարթակ, դրանցից  275-ը 2016 թվականին, եւս 420 թեքահարթակ կկառուցվի 2017-ին: Նոր թեքահարթակները լիովին համապատասխանում են ստանդարտներին ու հարմար են հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար, վստահեցնում է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Ինչ վերաբերում է վաղուց կառուցված թեքահարթակներին, որոնք մեղմ ասած հարմար չեն հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար, ապա փոխքաղաքապետը նշեց. «Եղածները շտկելու կարիք  իրոք կա, մենք այս տարի պետք է փորձենք դրանց թեքությունը շտկել: Բացի այդ, հասարակական մի շարք շենքեր դեռեւս մատչելի չեն,  դրանց խնդիրը նույնպես պետք է լուծվի: Կան հին շենքեր, որ հնարավոր չէ ինչ-որ փոփոխության ենթարկել: Բայց այն տեղերում որտեղ հնարավոր է, փոփոխություններ անում ենք»: Անդրադառնալով փողոցների հիմնանորոգման աշխատանքներին՝ փոխքաղաքապետը նշեց, որ վերջին երեք տարվա ընթացքում 88 փողոց է ամբողջությամբ հիմնանորոգվել: Հարցին, թե քաղաքի կենտրոնական փողոցները այդ թվում ինչ մաս են կազմում Արեյանը պատասխանեց. «Կենտրոնում ընդգրկված է եղել միայն 2 փողոց՝ Գրիգոր Լուսավորիչ եւ Ագաթանգեղոս, մնացած բոլոր փողոցները բաժին են ընկել ծայրամասերին: Թումանյան փողոցի վրա հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել, կատարվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ, որոնք կրելու են պարբերական բնույթ: Բացառված չէ, որ Թումանյան փողոցի մի հատված հենց վաղը քանդվի, քանի որ կարող են լինել ստորգետնյա ենթակառուցվաքների վթարներ, որոնք հանգեցնելու են քանդման, բայց դա հիմնանորոգում չէ»: