Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը. Է. Վարդանյան

Քաղաքականություն
Elinar

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքում հանդես է եկել հայտարարությամբ. ՀՀ Սահմանադրության /վերջին փոփոխություններով/ 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, և ոչ ուշ, քան հիսուն օր առաջ: Միևնույն ժամանակ 209-րդ հոդվածի երրորդ մասը մի շարք այլ հոդվածների, այդ թվում 91-րդ հոդվածի դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Ավելին, միևնույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: 2005թ. Սահմանդրության 68-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։ ԱԺ-ի 5-րդ գումարումը կայացել է մայիսի 31-ին և նրա լիազորությունները պետք է դադարեն մայիսի 31-ին: Հետևաբար ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից 40 օր առաջ: Ընտրությունների նշանակումը Սահմանդրության 210-րդ հոդվածով պայմանավորելը որևէ տրամաբանության ևս չի ենթարկվում: Քանի որ այնտեղ խոսվում է ընտրական օրենսգիրքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին, հետևաբար այն պետք է խստորեն համապատասխանեցվեր Սահմանադրությանը, ներառյալ անցումային դրույթներին: Ավելորդ չեմ համարում նշել, որ իրավական նորմերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և հակասության դեպքում գործում են Սահմանադրության դրույթները: Հետևաբար ԱԺ հերթական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը: Այստեղ կարևորն է այն, որ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող սահմանադրական գործընթացը իրականացվում է երկրի մայր փաստաթղթի՝ Սահմանադրության դրույթների խախտմամբ և անտեսմամբ: