Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորից խոստանում են Երևանն ազատել «գազել»-ներից (տեսանյութ)

Հասարակություն
avagani-nkar

Երևանի քաղաքապետարանի «Բարգավաճ Հայաստան» և «Հանրապետական» կուսակցությունների խմբակցությունները գոհ են քաղաքապետարանի աշխատակազմի հետ աշխատանքից։ Ամփոփելով մայրաքաղաքի ավագանու 2016 թվականի աշխատանքները՝ «Մեդիա կենտրոն»-ում քննարկմանը հայտարարեցին երկու խմբակցությունների ղեկավարները։ Մինչդեռ աշխատակազմի հետ համագործակցությունը չի գոհացնում ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանին. «Ինձ բացարձակ չի բավարարում այդ փոխհարաբերությունները։ Արդեն 4-րդ տարին է, որ մենք ավագանիներ ենք, և ես միայն մեկ դեպք եմ հիշում, երբ քննարկումներ են տեղի ունեցել քաղաքապետի և ավագանու խմբակցության հետ»։ Բացի սա՝ պարոն Բաղդասարյանը մի քանի ծրագրերի քննարկում էլ է հիշում փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ. «Մի քանի ամիս առաջ եղան քննարկումներ՝ Վերնիսաժի վերակառուցման ծրագրերն էինք քննարկում։ Ուրիշ դեպք ես չեմ հիշում»։ Ասվածին հակադարձում է Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը։ Նրա պնդմամբ՝ «Բարև Երևան» խմբակցությունը որևէ անգամ քննարկումների հրավեր չի արել քաղաքապետի աշխատակազմին, որը չի իրականացվել։ «Եթե հրավերները եղել են, չի եղել մի դեպք, որ հանդիպում տեղի չունենա»,- ասաց պարոն Բաղդասարյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ քաղաքապետարանի աշխատակազմին ամենից շատ «Բարև Երևան»-ն է գրավոր հարցեր ուղղել։ «99%-ով Անահիտ Բախշյանն է հարցեր ուղղել, 1%՝ մյուս անդամները։ Բոլոր հարցերին 10 օրվա ընթացքում պատասխան է տրվել»։ Բաղդասարյանը նաև պնդեց՝ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե Երևանի ավագանին ամիսը մեկ է նիստ գումարում. «2016 թվականի ընթացքում ավագանին գումարել է 14 նիստ, որից 9 հերթական, եղել է նաև 5 արտահերթ նիստ»։ Երկար ժամանակ է՝ քննարկվում է Երևանում տրանսպորտային նոր համակարգի ներդրման հարցը։ Ըստ պատասխանատուների՝ էականորեն կբարելավվի երթուղային ցանցը։ Նախատեսվում է վճարման էլեկտրոնային համակարգի ներդրում, նոր տրանսպորտային միջոցների շահագործում։ Խոստանում են Երևանը վերջապես ազատել «գազել»-ներից։ Քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը խուսափեց հստակ ժամկետ նշել, թե երբվանից քաղաքացիների համար տեսանելի կլինի այս փոփոխությունը։ Միայն նշեց՝ դա 2017-ի ընթացքում է լինելու. «Այս պահին միջազգային մի կազմակերպություն, որի անունը հիմա չեմ հիշում, մայրաքաղաքում տրանսպորտային համակարգի մոնիթորինգ է իրականացնում։ Արդյունքները կներակայացվեն քաղաքային իշխանությանը, որից հետո նաև հանրությունը կտեղեկանա սպասվելիք փոփոխության մասին»։